Ըստ հետազոտության, ժողովրդավարության ամենաբարձր միավորները Մոլդովան ունի
Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ կենտրոնի Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում Կովկասում մագիստրոսական ծրագրի շրջանակներում հրատարակված «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծություն. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա, Մոլդովա» թեմայով միջգիտակարգային հետազոտության շնորհանդեսը:
Հետազոտական խմբի գիտական ղեկավար եւ խմբագիր Արուսյակ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքի շրջանակներում առաջարկվել է ժողովրդավարության չափման մոդել եւ իրականացվել է ներերկրային եւ միջերկրային վերլուծություն: Ներերկրային վերլուծության շրջանակներում չափվել է Արեւելյան գործընկերության երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի ժողովրդավարությունը 1995-2012 թվականների, իսկ միջազգայինում ուսումնասիրվել է 2012-2013 թվականները եւ տրվել է սանդղակավորում.«Համաձայն այդ արդյունքների դիտարկվող երկրների շրջանում առավել բարձր միավորներ ունի Մոլդովան, որին հաջորդում է Վրաստանը, այնուհետեւ Ուկրաինան, Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, Հայաստանից հետո գալիս է Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, եւ Ադրբեջանը զբաղեցրել է վերջին տեղը»:
Ժողովրդավարության ինդեքսը չափվել է ըստ սոցիալական, քաղաքական, տնտեսական, առողջապահական եւ կրթական գործոններով: Ըստ Արուսյակ Ալեքսանյանի, հետազոտվող տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության միտումը ընդհանուր առմամբ դրական է. «Պայմանականորեն կարող ենք այդ ժամանակահատվածը բաժանել 2 մասի՝ 1991 թվականից մինչեւ 2001, 2002 թվականները եւ 2002 թվականից մինչեւ 2012 թվականը: Առաջին շրջանում ժողովրդավարության կորի տատանումները ավելի շատ են, քան վերջին հատվածում, ինչը նշանակում է, որ վերջին տարիներին ե՛ւ միտումն է դրական ե՛ւ կոնսոլդիացվել է՝ համեմատած առաջին շրջանի հետ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ