Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Նախարարը շնորհավորեց դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և նշեց, որ հայ ժողովուրդը յուրահատուկ հարգանք է տածում Իրանի հանդեպ, որը լինելով Հայաստանի դարավոր հարևանը՝ նրան սատար է կանգնել բոլոր դժվար պահերին:
«Ուրախ եմ, որ մեր երկրներն ունեն համագործակցության մեծ փորձ, և վստահ եմ, որ Ձեր ներկայությունն ավելի ևս կնպաստի այդ հարաբերությունների զարգացմանը,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցից հետո նորանշանակ դեսպանի համար ակտիվ գործունեության լայն հնարավորություններ են ստեղծվել:
Այնուհետև նախարարը դեսպան Սաջադիին ծանոթացրեց նախարարության գործունեությանը՝ մանրամասնորեն կանգ առնելով իրանահայության հետ իրականացված բազմաբնույթ ծրագրերի վրա:
Կարդացեք նաև
«Մեր աշխատանքներում մենք առաջնորդվում ենք մի բանաձևով. ճանաչել, վստահել և համագործակցել: Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը նույնպես հիմնված կլինի այս սկզբունքի վրա», – ասաց նախարարը:
Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին ընդունելության և օգտակար տեղեկությունների համար՝ Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ խոր հարգանք ու հիացում ունի իրանահայ համայնքի և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ և մեծ պատիվ է համարում բարեկամ Հայաստանում դեսպանի առաքելություն իրականացնելը: Նա նաև տեղեկացրեց, որ ինքը ևս արտերկրներում գտնվող իր հայրենակիցների հետ աշխատելու մեծ փորձառություն ունի և խորապես գնահատում է այն մարդկանց, ովքեր նվիրված են հայրենիքից հեռու ապրող հայրենակիցներին իրենց նախնիների երկրին և ազգային ավանդույթներին կապելու կարևոր գործին: Այս առումով նա Սփյուռքի նախարարության հետ համագործակցելու մեծ պատրաստակամություն հայտնեց և վստահեցրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի Իրանի և Հայաստանի միջև զարգացնելու տնտեսական, մշակութային և մարդկային հարաբերությունները:
Երկուստեք կարևորվեց երկու երկրների ներուժը միմյանց առավել ճանաչելի դարձնելու նպատակով համատեղ ծրագրերի իրականացումը, որոնցում կարելի է ներգրավել ոչ միայն Հայաստանի և Իրանի ազգաբնակչությանը, այլև այլ երկրներում ապրող հայերին և իրանցիներին:
Սփյուռքի նախարարություն