ՀԱԿ ներկայացուցիչը կարծում է՝ ասելիքը տեղ չի հասնում
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեցին նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության ժամանակ Ազգային ժողովի խմբակցություններին Հանրային հեռուստաընկերությամբ եւ Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը եւ սահմանված ժամանակացույցերը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ անվճար եւ վճարովի եթերաժամերի հետ կապված առանձնապես ոչինչ նախորդ ընտրություններից չի փոխվել:
Զեկույցի հետ կապված նկատառումով հանդես եկավ Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ առայժմ բանավոր առաջարկով է հանդես գալիս: Ասաց, որ իրենց կուսակցությունը բազմից խոսել է այդ մասին. քարոզարշավի համար տրվող ժամը՝ 18:00-ն, հարմար չէ, քանի որ մարդիկ այդ ժամին աշխատանքից տուն վերադառնալիս են լինում, եւ ստացվում է, որ տեղեկատվությունը չի հասնում լսարանին: Պարոն Աբրահամյանը նշեց, որ անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, դիտարկելով հայաստանյան ընտրությունները՝ նշել է, որ լավ կլինի՝ եթերային քարոզչությունը իրականացվի օրվա գլխավոր լրատվական թողարկումից հետո: ՀԱԿ ներկայացուցիչը առաջարկեց, որ գոնե 17-ին կամ 18-ին տեղափոխեն քարոզչության համար տրվող ժամը:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ եթերային ժամը որոշվել է Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի հետ քննարկումից հետո եւ հաշվի է առնվել, որ լրատվամիջոցներն ունեն նաեւ սեփական ծրագրերը: ԿԸՀ նախագահը նշեց, որ հասկանում է խմբակցության մտահոգությունը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ