Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող ուսանողները 29 բուհերի ուսանողության միայն 1%-ն են կազմում

Հոկտեմբեր 29,2015 18:24

Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումը պաշտոնապես համարվում է ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի առաջնահերթություններից մեկը և կրթական բարեփոխումների կարևոր բաղադրիչ:

Բայց եթե հանրակրթության ներառականության ստեղծման ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվում, ապա բարձրագույն կրթության ներառականության և մատչելիության ապահովման հարցն անգամ պատշաճ հնչեղություն չի ստանում:

Նպատակ ունենալով բարելավել Հայաստանի բարձրագույն կրթության մատչելիությունը և ներառականությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց համար՝ «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հանձն է առել իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթության ֆիզիկական և ծրագրային մատչելիության, ինչպես նաև ակադեմիական ներառականության ուսումնասիրություն:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ՝ հետազոտությունն իրականացվել է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, քանի որ բուհերի ճնշող մեծամասնությունն այս քաղաքներում է գտնվում: Ընտրանքում ներառվել են պետական, ոչ պետական և միջպետական 29 բուհեր:

«Ուսումնասիրված 29 բուհերում հավաքագրված տվյալների համաձայն՝ 7 877 դասախոսներից 56-ն ունեն հաշմանդամության երկրորդ կամ երրորդ խումբ: 73 581 ուսանողներից 339-ը նույնպես հաշմանդամություն ունեն: Հաշմանդամություն ունեցող ուսանողների 62%-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 38%-ը՝ իգական»,- կարդում ենք ուսումնասիրության հաշվետվության մեջ:

«Կարևոր է նշել, որ բուհերում հաշմանդամություն ունեցող թե´ դասախոսների, թե´ ուսանողների վերաբերյալ տվյալներն ու վիճակագրությունը լիարժեք չեն,- ասում է Արմեն Ալավերդյանը,- այսինքն՝ ոչ բոլորի հաշմանդամության խմբի և տեսակի վերաբերյալ կան համապարփակ տվյալներ, ինչը խիստ կարևոր տեղեկություն է բուհի ընթացակարգերը հարմարեցնելու տեսանկյունից»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում բուհերի ֆիզիկական մատչելիությանը, այն ապահովված չէ. «Մասնավոր դեպքերում, ֆիզիկական մատչելիություն ասվածը սահմանափակվում է մուտքի թեքահարթակի և վերելակի առկայությամբ»,- ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահը՝ ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար բուհերի ուսումնական, կրթական ծրագրերի մատչելիությունը ևս ապահովված չէ. «29 բուհերից միայն մեկ միջպետական բուհում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում է գործում հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության կազմակերպման վերաբերյալ հատուկ ընթացակարգ: Մնացած բուհերում ընթացակարգերը վերաբերում են միայն հաշմանդամություն ունեցող ուսանողների ընդունելության պայմաններին և վարձի զեղչմանը»:

Ա. Ալավերդյանի դիտարկմամբ՝ փաստը, որ հաշմանդամություն ունեցող ուսանողները կազմում են բուհերի ուսանողության միայն 1%-ը, հաստատում է այն ենթադրությունը, որ բուհերի մատչելիությունը, այլ գործոնների հետ միասին, առաջնային դեր է խաղում հաշմանդամություն ունեցող երիտասարդների՝ բուհական համակարգում ներգրավվելու փուլում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031