Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծխախոտի, օղու, բենզինի, գազի գինը բարձրացնում են. աղմկահարույց օրենքը նորից բերել են ԱԺ

Հոկտեմբեր 29,2015 17:35

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է կառավարության բերած աղմկահարույց նախագիծը՝ «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այդ նախագծով առաջարկվում էր բարձրացնել ծխախոտի, օղու, բենզինի, գազի ակցիզային հարկի դրույքաչափերը, որը բերելու է այդ ապրանքների թանկացման:

Հիշեցնենք, որ սա կառավարության բերած այն եզակի նախագծերից է, որին խորհրդարանում ընդդիմացան հատկապես ՀՀԿ-ական պատգամավորները:

Վախթանգ Միրումյանը նշեց, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում իրենք պարտավոր են հարկային դրույքաչափերը համապատասխանեցնել:

Ներկայացնելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի տեսակետը՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ հանձնաժողովում թեժ քննարկում է եղել եւ որոշել են պարզապես այն ընդգրկել լիագումար նիստի օրակարգում:

Խաչատուր Քոքոբելյանը զգուշացրեց, որ այս դեպքում տեղական արտադրության որոշակի ճյուղեր փակվելու վտանգի տակ են. «Այս դեպքում օղու արտադրությունը փակվելու է: Անխուսափելի է լինելու թանկացումը, անխուսափելի է լինելու տեղական արտադրողի անպաշտպան վիճակը եւս մեկ անգամ խորացնելը»:

Ըստ նրա, ռուսական էժան եւ անորակ ծխախոտների, օղու շուկաներում մեր արտադրողը խոցելի է լինելու. «Ամենավնասակար բանը էժան խմիչքն է»:

Նա նաեւ ասաց, որ այս նախագիծն ընդունելու դեպքում սոցիալական բում է լինելու, քանի որ թանկանալու է նաեւ տրանսպորտի ուղեվարձը:

Էդմոն Մարուքյանը նույնպես համակարծիք էր Խաչատուր Քոքոբելյանի հետ, քանի որ ռուսական շուկայում էժան օղի, էժան գազ կա, մեր տեղական արտադրողներն էական վնաս կկրեն:

Իսկ Գուրգեն Արսենյանը մասնագիտական բացատրություններ տվեց՝ հանդես գալով որպես գործարար. «Վերջին 14 տարին ինձ պատկանող ընկերություններից մեկը զբաղվում է ծխախոտի ներկրմամբ եւ իրացմամբ, հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատուների առաջին 15-ի մշտական անդամ»: Ըստ նրա, ռուսական էժան օղին երբ մտնի մեր շուկա, չի կարող վնասել տեղական արտադրողներին. «Չկա այդպիսի բան, եթե դա համապատասխաներ իրականությանը, ապա այս պահին էլ հայկական շուկայում կլիներ այդ վիճակը, ակցիզային հարկը վերաբերում է եւ արտադրող եւ ներկրող կազմակերպություններին: Մի սկզբունք կա, որը 70 տարուց ավելի կիրառվում է ծխախոտի արտադրությունում՝ հարկի թանկացումը վճարում է սպառողը: Հայաստանը պատկանում է այն երկրներին, որտեղ օրինական սիգարետն ամենաէժանն է: Հայաստանի բնակչությանը հասցվում է էժան գնով առողջությանը վնաս հասցնող արտադրանք: Ես ողջունում եմ կառավարության առաջարկը ակցիզի բարձրացման: Դա պետք է ավելի շատ լիներ»:

Ըստ Գուրգեն Արսենյանի, հասկանալի է, որ պատգամավորները ուզում են ասեն՝ վայ, թանկանում է ու ժողովրդին դուր են գալիս, բայց տնտեսությանը չպետք է այդքան մակերեսային նայել:

Նա առաջարկեց կառավարությանը, որ ակցիզային հարկը թանկացնեն ծխախոտի համար. «Երկու ձեռքով կողմ եմ, օղիների, գինիի մասով կողմ եմ, եթե հանեք տարան, իսկ գազի մասով դեմ եմ, հետո դա չոքելու է ձեր դուռը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031