Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նոր եմ հասկանում, թե ինչու են անիծված նրանք». Վահրամ Բաղդասարյանը՝ ՀԱԿ-ին

Հոկտեմբեր 29,2015 16:25

«Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ-ական պատգամավորների նախագծի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խմբակցության կարծիքը ներկայացնելիս ասաց, որ իրենք միանշանակ դեմ են այդ նախագծին, քանի որ երկակի ստանդարտ է կիրառվում եւ նպաստելու է կեղծիքներին:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելիս՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենց քվեարկությունը մեծապես կախված է նրանից, թե իշխանությունն ինչքանով կընդունի իրենց ներկայացրած առաջարկները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Եթե չկա էլեկտրոնային ընթացակարգ նույնականացման գործընթացը ստուգելու, դա դառնալու է բառդակ: Եթե մենք ցանկանում ենք ունենալ հանրաքվե, որը հավատ կներշնչի, ուրեմն բազմակի քվեարկությունները կանխելու համար հստակ միջոց պետք է ընդունել՝ թանաքոտումը, որը առաջարկում են 5 խմբակցություններ: Միակ քաղաքական ուժը, որը ընդդիմանում է սրան՝ ՀՀԿ-ն է»:

Նա հայտարարեց, որ ընտրակեղծարարին ցանկացած անեծք հասնում է. «Ես խորհուրդ եմ տալիս մեր իշխանություններին, մտածեք այս անեծքի մասին: Ավելի մեծ անեծք, քան այն, ինչ բերում է ժողովրդի կամքի աղավաղումը, խեղաթյուրումը՝ չկա: Դա լինելու է ձեր ամենամեծ մեղքը: Բոլոր ընտրակեղծարարներին ասում եմ՝ մի բերեք ձեր գլխին ժողովրդի այդ անեծքը»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հեգնեց. «Մենք հավատում ենք այդ հարցում ձեր մասնագիտական գիտելիքներին, շնորհակալություն, որ կիսվեցիք մեզ հետ ձեր պրակտիկ գիտելիքներով»:

ԲՀԿ-ի անունից հանդես գալով՝ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ մատները թանաքոտելու հարցում իսկապես իրենք խմբակցությունով միակամ են: Նա առաջարկեց, որ իշխանությունը ընդունի այդ առաջարկը: Իսկ խմբակցությունը որոշել է ազատ թողնել իր պատգամավորներին՝ ով ինչպես հարմար գտնի՝ թող քվեարկի:

Իսկ ՀՀԿ տեսակետը ներկայացնելիս Վահրամ Բաղդասարյանը համաձայնեց հասարակության այն կարծիքին, որ խորհրդարանում զբաղվում են ժամավաճառությամբ. «Սա այն հարցը չէր, որ 2-3 օր պետք է քննարկվեր»:

Անեծքների հետ կապված նա դիմեց Լեւոն Զուրաբյանին. «Ես նոր եմ հասկանում, թե ինչու են անիծված նրանք մինչեւ այսօր, որ որեւէ հաջողության չեն հասել: Այնքան այլանդակություններ են արել ընտրությունների ժամանակ 90-ականներին, այնքան մեխանիզմները, որ առաջարկում են, դրանք բոլորը իրենք կիրառել են, մենք արմատախիլ ենք անում արդեն 20 տարի, անում ենք, անում, չենք կարողանում ամբողջովին արմատախիլ անել»:

Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, որոնց մասին խոսեցին եւ Արամ Մանուկյանը, եւ Հեղինե Բիշարյանը՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մարդիկ արտագաղթել են, ՀՀ-ում չեն, պետք է բոլորին ընդգրկել այդ ցուցակներում: 40 օր առաջ դրանք հրապարակվում են, որպեսզի մենք կարողանանք գտնել անճշտությունները»:

Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերն ուզում են քնեն, արթնանան ու հակասահմանադրական ճանապարհով հայտնվեն բուրգի գլխին. «Ձեւավորեք ձեր հանձնաժողովները, վստահված անձինք, դրանից լավ վերահսկողության ձե՞ւ: Ի՞նչ եք ընկել ապակողմնորոշում ժողովրդին նույնականացման քարտերի խնդրով: Եթե ասեինք, որ այդ քարտով չեն կարող քվեարկել, դուք պիտի ասեիք՝ այդ 180 հազարը մեր ոչ-երն են, դուք զրկում եք նրանց: Ինչ էլ բերեինք՝ դուք պիտի օգտագործեիք այս ամբիոնը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031