Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծում շեշտադրում է արվել հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության բարձրացմանը

Հոկտեմբեր 29,2015 16:03

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողների գործունեության հարկային միջավայրը՝ նրանց ազատելով չարդարացված հարկային պարտավորությունների բեռից: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հետ վերադարձման ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հետ վերադարձման համար գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

Գյուղատնտեսության որոշ ուղղությունների զարգացման համար առավել բարենպաստ հարկային միջավայր ձևավորելուն է միտված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի նպատակն է ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող` մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելերի, ինչպես նաև ջերմոցների իրացումն ԱԱՀ-ից ազատելն է:

Կառավարության հավանությանն է արժանացել «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերով սահմանվում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորվում նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

Անդրադառնալով օրինագծերին գործադիրի ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, ներկայացնում է հիշյալ նախագիծը որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր:

Այն այս տեսքով արժանացել է թե´ միջազգային կառույցների և թե´քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավանությանը:

Ցանկանում եմ առանձնացնել այս նախագծով առաջարկվող մի շարք նորամուծություններ, մասնավորապես՝ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ոչ միայն ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցությունը, այլ նաև նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը:

Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ ինչպես հասարակական կազմակերպությունների ինքնուրույնության, այնպես էլ ֆինանսական կայունության համար:

Նախագծում կարևոր շեշտադրում է արվել նաև հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության բարձրացմանը, ընդ որում հստակ տարանջատում է նախատեսվել հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվողականության և այլ աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվողականության միջև:

Եվ վերջապես, հասարակական կազմակերպությունների առցանց գրանցման հնարավորության ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում հասարակական կազմակերպությունների հիմնադրման և քաղաքացիական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման համար»:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը:

Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն: Ներկայացված նախագծերի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես, սահմանելով, որ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիման վրա: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ` գործող կարգավորմամբ խախտվում է քաղաքացիների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Կառավարության եզրակացության համաձայն, նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն, գործող իրավակարգավորումն իրավաչափ է, առկա է օրենքի կիրառման գործող պրակտիկա, որով լիարժեք ապահովվում են քաղաքացիների իրավունքները:

Օրենքի նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031