Շինարարության ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, սահմանվում է, որ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվության գործընթացի ներմուծմամբ դյուրացվում են հանրապետության տարածքում բազմաթիվ անավարտ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի նկատմամբ իրավունքների օրինական ձևակերպման, նրանց հետագա կառուցման և ավարտման աշխատանքները: Բացի այդ, նշված պայմաններում բարձրացվում է կառուցապատողների քաղաքաշինական կարգապահությունը` ստեղծելու շահագործման համար լիարժեք, պիտանի կենսագործունեության միջավայր: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվելու: «Ես բազմաթիվ տեղեկատվություններ եմ ստանում, որ ավարտական ակտերը ստանալու համար ինչ-որ խնդիրներ են հարուցվում համապատասխան գերատեսչության ղեկավարների կամ աշխատակիցների կողմից: Ընդհանրապես, այս մասով մենք մի քանի անգամ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ նման որևէ հարց պետք է չառաջանա: Դրա համար խնդրում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել. շատ խիստ եմ լինելու: Իհարկե, ես հիմա ուսումնասիրում եմ այդ տեղեկատվությունների իսկությունը, եթե իրականությանը համապատասխանեց, ապա նման մարդիկ մեր շարքերում տեղ չեն ունենալու»,-նշել է Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով բոլոր շահագրգիռ մարմիններին մասնակցել խորհրդակցությանը:
Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն իրականացվում են քաղաքաշինական քաղաքականության բարեփոխումներ` կառուցապատմանն ու տարածական զարգացմանն առնչվող հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման ուղղությամբ: Դրան են միտված նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք արժանացել են կառավարության հավանությանը: Մասնավորապես, օրինագծերի նպատակն է ձևավորել համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազա` դրանց մշակման և հաստատման գործառույթների օպտիմալացման ու պարզեցման լծակների ամրագրման, օրինակ՝ միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, ինչպես նաև տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի հաստատման համար օրենքով սահմանված վերջնաժամկետի երկարաձգման միջոցով: Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է, որ խնդիրը պետք է ուշադիր քննարկել բոլոր շահագրգիռ մարմինների հետ, այդ թվում Երևանի քաղաքապետի, մարզպետների, լսել բոլոր առաջարկները և նոր որոշում ընդունել:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ