Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելություն» կուսակցությունը կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել հանրաքվեին և «ոչ» ասել

Հոկտեմբեր 29,2015 15:46

«Առաքելություն» կուսակցությունը, վերահաստատելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դեռևս մեկ տարի առաջ կայացրած իր դիրքորոշումը, այն է` սահմանադրական փոփոխություններն այս փուլում համարում է ժամանակավրեպ, քանի դեռ անշրջելի իրականություն չի դարձել գործող Սահմանադրության՝ ՀՀ-ՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ դրույթը:

Հարկ ենք համարում արձանագրել հատկապես հետևյալը

Կառավարման նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական մոդելների առավելություններն ու թերություններն առ ոչինչ են, քանի որ էական չէ՝ ընտրակեղծիքներով ու թվանկարչությամբ «ընտրված» նախագահն է կառավարում երկիրը, թե՞ նույն կերպ «ընտրված» խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:

Փաստացի առաջարկվում է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն, որում թեև առկա են որոշ առաջընթացներ մարդու իրավունքների, խորհրդարանում ներկայացված ուժերի լիազորությունների մասով, սակայն արդեն բազմիցս նշված թերությունների, խնդիրների կողքին, հարկ ենք համարում նշել հետևյալ կարևորագույն խնդիրները`

• Հոդված 48-ում նշված է, որ ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք:

Արդյունքում, եթե գործող սահմանադրությամբ այդ իրավունքով սահմանափակվում էր դատապարտված բոլոր անձանց ընտրելու և ընտրվելու հնարավորությունը, ապա այժմ սահմանափակվում է միայն ծանր հանցագործների իրավունքը, հետևաբար ընտրելու, ինչպես նաև ընտրվելու իրավունք են ունենալու Քրեական օրենսգրքով սահմանված 4 տեսակի հանցագործներից երեքը` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, եւ առանձնապես ծանր հանցագործները: Վերջիններիս թվին են պատկանում սպանությունների, այդ թվում քաղաքական սպանությունների համար տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված բազմաթիվ հանցագործներ, որոնց թեկնածությունների գրանցումը արդեն ամրագրվելու է սահմանադրությամբ:

• Հոդված 155-ում ամրագրվում է, որ ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Սա բացառիկ դրույթ է խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրներում: Խորհրդարանական երկրներում զինված ուժերի գերագույն հրամանատարը բոլոր դեպքերում վարչապետն է կամ նախագահն է: Ակնհայտ է, որ նույնիսկ փաստացի պատերազմի դեպքում սահմանադրությամբ սահմանված պատերազմի հայտարարում չի լինելու ոչ Հայաստանի, ոչ էլ թշնամու կողմից: Արդյունքում խորհրդարանական կառավարման ներքո ունենալու ենք ռազմախորհրդարանական կառավարում: Նշված լիազորությունները միանշանակ գործող կամ մեկ այլ պաշտպանության նախարարի համար չեն ամրագրվել և եթե հավելենք նախագծի 46-րդ հոդվածում ամրագրված դրույթը` որ զինված ուժերում ծառայողների կողմից կուսակցական լինելը կարող է սահմանափակել օրենքով, հավանական է դառնում ոչ թե ընդհանրապես պաշտոն, այլ կոնկրետ 3 պաշտոն չզբաղեցնելու մասին հայտարարած Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ նախագահի պաշտոնում պաշտպանության նախարար դառնալը, ով կունենա քաղաքական անսահմանափակ լիազորություններ:

• Հոդված 209-ում ամրագրված է, որ Սահմանադրության 5-8-րդ, այդ թվում «Նախագահ» գլուխը, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները: Արդյունքում 2018թ. նախագահական ընտրությունները տեղի են ունենալու գործող սահմանադրությամբ, այսինքն` ժողովրդի կողմից ուղղակի ընտրությամբ, քանի որ 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից և նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնման օրվանից 50 օր առաջ պետք է անցկացվեն ընտրություններ, իսկ այդ ընտրությունները անցկացվելու են այդ պահին դեռևս գործող 2005թ. սահմանադրությամբ: Արդյունքում, երկրի “հայտնի” իրավաբանների, Վենետիկի հանձնաժողովի, 100-ից ավելի “ազգընտիր” պատգամավորների կողմից խորհրդարանական կառավարման անցնելու մոդելը ընդամենը փնթի գրված կուրսային աշխատանք է, որը իր հետ բերելու է քաղաքական քաոս` սկսած 2017թ.-ից:

«Առաքելություն» կուսակցությունը հայտարարում է .

Սահմանադրական հանրաքվեի միջոցով իշխանության հավերժացման փորձը կանխելու ամենաիրական ուղին ներկա իշխանությունների պաշտոնաթողությունն է:

Կուսակցությունը կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել հանրաքվեին և «ոչ» ասել:

Առաքելություն կուսակցության քաղաքական խորհուրդ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031