Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ունենանք այնպիսի ընտրություններ, որոնք ունեցել ենք վերջին 10 կամ 15 տարիների ընթացքում, շատ ավելի վատ է լինելու մեր վիճակը»

Հոկտեմբեր 29,2015 15:03

«Ես չեմ ուզում միամիտ թվալ եւ ասել, որ բոլոր հարցերը փոխվելու են սահմանադրական փոփոխություններով: Եթե ունենանք այնպիսի ընտրություններ, որոնք ունեցել ենք վերջին 10 կամ 15 տարիների ընթացքում, շատ ավելի վատ է լինելու մեր վիճակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ այնուամենայնիվ առաջարկվող Սահմանադրության նախագիծը շատ ավելի հստակ է, «շատ ավելի բան է ասում իշխանությունների տարանջատման վերաբերյալ եւ մարդու իրավունքների երաշխավորման հետ կապված, բայց գտնում եմ, որ խնդիրը լինելու է զուտ կիրառության մեջ»:

Գաբրիել Բալայանը բերում է այլ երկրների օրինակները, որոնք անգամ Սահմանադրություն չունեն, միայն օրինագծեր են:

«Պետք չէ ընկալել Սահմանադրությունը որպես հարցերը լուծելու միջոց»,- ասաց նա:

Պատմաբան էդգար Հովհաննիսյանն էլ նշեց, որ ցանկացած փոփոխություն հասարակական զարգացումների օրինաչափության մեջ պետք է դիտարկել: Ասաց, որ կարծում է՝ արագ զարգացող մեր ժամանակաշրջանում պետք է Սահմանադրությունն էլ արդիականացնել:

Մեր նկատառմանը, որ շատերի կարծիքով՝ գործող Սահմանադրությունը չի կիրառվում, նորի անհրաժեշտությունը չկա, պարոն Բալայանը պատասխանեց. «Սահմանադրություն մշակող հանձնաժողովից մի քանիսի կարծիքը ներկայացնեմ, բայց անուններ չեմ ուզում տալ: Անկեղծացան հրապարակային քննարկումների ժամանակ. նրանցից մեկն ասաց, որ եթե գործող Սահմանադրությունը գործեր, նոր Սահմանադրություն ընդունելու կարիք չէր լինի: Երբ որ հարց հնչեց, ինչո՞վ եք պայմանավորում, որ նոր Սահմանադրությունը կգործի ընդունվելու դեպքում, ասաց՝ ենթադրում եմ, որ բոլոր պատգամավորները պետք է լինեն ինտելեկտուալներ, ու ինքը ծիծաղեց իր ասածի վրա: Իրոք, ինձ համար խնդիրը կայանում է ընտրությունների ճիշտ կազմակերպման մեջ, ազատ մրցակցության մեջ»:

Անդրադառնալով այն կարծիքին, որ սահմանադրական փոփոխություններով լուծվում է իշխանության վերարտադրության հարցը, նա ասաց. «Ես չեմ ուզում լրջություն տալ այդ մոտեցմանը, որովհետեւ մենք շատ այլ նախադեպեր ունեցել ենք, որ երբ հետխորհրդային երկրներում պարզապես Սահմանադրության մեջ մի դրույթ է փոխվել եւ Լուկաշենկոն վերցրեք, Ալիեւը վերցրեք, Ռուսաստանը վերցրեք… վերարտադրությունը շատ ավելի հեշտ է կատարել»:

Պատմաբան Էդգար Հովհաննիսյանն էլ ասաց. «Վերջապես մեկ բան է հստակ, որ Սահմանադրությունն ընդունվում է ժողովրդի կամարտահայտության միջոցով: Դրված է նախագիծ, դրված է առաջարկություն, եւ ժողովուրդն է ընդունելու՝ այդ նախագիծը դառնա՞ Սահմանադրություն եւ որպես մայր օրենք կարգավորի՞ մեր երկրի առաջիկա տարիների հասարակական, իրավական համակարգը: Ես կողմ եմ, այո: Կարծում եմ՝ ժողովուրդը կարտահայտի իր կարծիքը եւ դրանով ավելի պարզ կլինի»:

Նա եւս նշեց, որ վերարտադրվելու համար պետք չէ համակարգային, խորքային փոփոխություններ իրականացնել: «Եթե կա ուրիշ մեխանիզմ վերարտադրվել ցանկացող ուժի համար, ապա միշտ մեխանիզմ կգտնվի դա ապահովելու համար: Կարծում եմ՝ այս Սահմանադրությունը միմիայն բարիք է բերելու մեր երկրի եւ պետականության կայացման ճանապարհին»,- ասաց պատմաբանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031