Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. «Սա արվում է հատուկ մտադրությամբ՝ համայնքները գործադիրից կախման մեջ պահելու նպատակով»

Հոկտեմբեր 29,2015 14:56

2015թ. հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային
ժողովի լիագումար նիստը, որտեղ հայտարարությամբ հանդես է եկել Ազգային
վերածնունդ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Ելույթը վերաբերվում է Արցախում տեղական ինքնակառավարման խնդիրներին:

Ցանկացած երկրի զարգացման գործում առանցքային նշանակություն ունի տեղական ինքնակառավարումը: Տեղական ինքնակառավարման մասին օրենքով մենք կարծես պայմաններ ենք ստեղծել, որպեսզի համայնքներն ունենան սեփական եկամտի աղբյուրները, կարողանան ինքնուրույն լուծել տեղական մակարդակի խնդիրները: Սա օրենքով, սակայն իրականում մեր համայնքները զուրկ են մնում համայնքային բյուջեն օրենքով սահմանված եղանակով համալրելու հնարավորությունից:

Այսպես, Տեղական ինքնակառավարման մասին օրենքով համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրների մեջ են նաև եկամտային հարկից, շահութահարկից և բնապահպանական վճարներից մասհանումները: Սակայն իրականում մասհանումները չեն կատարվում, ինչից տուժում են հատկապես դոտացիաներ չստացող համայնքները:

Այսօր Ազգային ժողովի նամակատուփերը, վստահ եմ, նաև կառավարության և նախագահի աշխատակազմի նամակատուփերը լիքն են փոքր, տեղական մասշտաբի հարցերին լուծումներ տալու խնդրանքներով: Այդ հարցերը ամենահեռավոր բնակավայրից իսկ հասնում են Վերածննդի հրապարակ, քանզի համայնքները տարրական հարցերը լուծելու ֆինանսական հնարավորություն չունեն: Փոխանակ մտածելու համայնքային բյուջեների համար նոր մուտքերի ստեղծման մասին՝ կառավարությունը զրկում է համայնքներին օրենքով նախատեսված մուտքերից:

Ես հակված եմ մտածելու, որ սա արվում է հատուկ մտադրությամբ՝ համայնքները գործադիրից կախման մեջ պահելու նպատակով: Նաև նրա համար, որ համայնքի բնակիչն ամենափոքր հարցի դեպքում իսկ հասնի Ստեփանակերտ և այս կամ այն պաշտոնյայից իր հարցի լուծումը խնդրի: Այս համակարգն անընդունելի է: Բոլոր այն երկրներում, որտեղ բնակիչն իր տարրական խնդիրների լուծման համար փորձում է թակել բարձրագույն իշխանությունների դռները՝ նշանակում է այդ երկրում կառավարման մակարդակը ցածր աստիճանի վրա է: Այն երկրներում, որտեղ բնակիչն իր խնդիրների լուծումները գտնում է իր համայնքի ներսում, նշանակում է գործ ունենք արդյունավետ կառավարման հետ:

Մինչև համայնքների համար օրենքով նախատեսված մուտքերը չապահովեն, ավելին, համայնքային բյուջեների համար նոր աղբյուրներ չստեղծվեն՝ Արցախում տեղական ինքնակառավարման արդյունավետությունը կասկածի տակ է լինելու: Նախորդ նիստի ժամանակ մի շարք հարցերի լուծումը ես պայմանավորել էի քաղաքական կամքի բացակայությամբ: Այս հարցի լուծման համար նույնպես քաղաքական կամք է հարկավոր, քանզի տեղական ինքնակառավարման զարգացումը նշանակում է նաև վարչական ռեսուրսներով ազդելու հնարավորության փոքրացում, նշանակում է քաղաքացիական հասարակության զարգացման հնարավորություն, ինչը կառավարող ուժերի համար, որ երկրում էլ այն լինի, մարտահրավեր է:

Ընտրությունն այսպիսով մի կողմից  համայնքների վրա վարչական լծակները պահելու, մյուս կողմից՝ երկրի և հասարակության զարգացման միջև է: Թե ինչ ընտրություն կկատարի գործադիրը, կտեսնենք առաջիկայում, իսկ այս գործում առաջին քայլը կլինի տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջների կատարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031