Հոկտեմբերի 28-ին Վեստմինստրյան աբբայությունում (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին:
Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը մասնակցում էին նաև Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հոգևոր դասը` գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և հրավիրյալներ:
Հիշատակի արարողության ընթացքում Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները, Հայոց Ցեղասպանության վերապրածների ժառանգները Մեծ Եղեռնի նահատակ հայորդիների համար առ Աստված աղոթք բարձրացրեցին` երախտագիտություն հայտնելով բոլոր այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, ովքեր այսօր ջանքեր են գործադրում աշխարհում խաղաղության հաստատման և արդարության վերականգնման համար: Ներկաներն աղոթեցին նաև հանուն Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության անվրդով ու բարօր կյանքի:
Շարականների կատարումներով հանդես եկավ Լոնդոնի Ս. Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը` ղեկավարությամբ Արիս Նադիրյանի:
Կարդացեք նաև
Արարողության ավարտին ներկաներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անգլիկան Եկեղեցու և հավատացյալների անունից խոսք ասաց նաև Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ Լոնդոնի Եպիսկոպոս լորդ Ռիչարդ Չարթրեսը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՌԻԹՈՎ
ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ձերդ Գերազանցություն ՀՀ Նախագահ,
Ձերդ Արքայական Մեծություն,
Սիրելի բարեպաշտ եղբայրներ և քույրեր,
Փառք և գոհություն ենք մատուցում առ Բարձրյալն Աստված, որ շնորհն ունենք հոգևոր ավանդույթներով հարուստ Վեստմինստերյան աբբայությունում մասնակցություն բերելու Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված էկումենիկ այս արարողությանը՝ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, Հայ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների և հավատավոր զավակների հետ:
Շնորհակալությամբ ողջունում ենք ներկայությունն այստեղ Նորին Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի, ում սերն ու համակրանքը մեր ժողովրդի և մեր երկրի հանդեպ զգացել ենք տարբեր առիթներով, ինչպես վերջերս՝ Հայաստան իր այցելության ընթացքին:
Եղբայրական Մեր սերն ենք փոխանցում Քենթերբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիին, ում հետ կոչված ենք Տիրոջ Ավետարանի լույսը տարածելու և քրիստոսավանդ պատգամները իրագործելու մեր ժողովուրդների կյանքում:
Մխիթարություն ենք ապրում, որ միջեկեղեցական համատեղ այս աղոթքով Անգլիկան Եկեղեցին և Միացյալ Թագավորության ժողովուրդն իր եղբայրական համերաշխությունն է հայտնում մեր ժողովրդին` արտահայտելով իր հարգանքը Հայոց Ցեղասպանության զոհերի և սրբադասված նահատակների նկատմամբ:
Սիրելի հավատակից եղբայրներ և քույրեր,
Մեր ժողովրդի սրտում դեռ չի սպիացել վերքը քսաներորդ դարասկզբին Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ոճրի, որին իրենց ազգային պատկանելության և քրիստոնեական հավատքի համար զոհ գնացին մեկ և կես միլիոն հայորդիներ: Մենք կորցրեցինք պատմական, հինավուրց մեր հայրենիքի մեծագույն մասը, հազարավոր հայեր տարագիր սփռվեցին ողջ աշխարհով: Մեր ժողովրդի նահատակ զավակները մարտիրոսության պսակն ընդունեցին՝ հավատարիմ առաքելական պատգամին. «Եթէ արդարութեան համար չարչարուէք էլ, երանի՜ է ձեզ: Բայց … մի՛ վախեցէք և մի՛ խռովուէք, այլ Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում» (Ա Պետ. 3.14):
Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք 100-ամյա տարելիցը Հայոց Ցեղասպանության, Մենք վերստին մեր երախտագիտություն ենք հայտնում Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած, ինչպես և՝ Եղեռնից մազապուրծ հայորդիներին ապաստան տված բոլոր պետություններին, այլև քույր Եկեղեցիներին՝ դատապարտության իրենց խոսքը աշխարհում բարձրաձայն հնչեցնելու համար: Այս շարքում Մենք խորը զգացվածությամբ ենք հիշում, որ Բրիտանական կառավարությունը Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակից պետությունների հետ հայ ժողովրդի հանդեպ իրականացված եղեռնագործությունը որակեց հանցանք մարդկության դեմ: Համաշխարհային քաղաքակրթության մեջ Մեծ Բրիտանիայի ունեցած ներդրումը և մարդասիրական արժեքներին նվիրվածությունը վստահություն են ներշնչում, որ Միացյալ Թագավորությունն իր եղբայրական զորակցությունն ու նպաստը պիտի շարունակի բերել մեր ժողովրդի հանդեպ պատմական արդարության վերականգնման գործում:
Սիրելի բարեպաշտ եղբայրներ և քույրեր,
Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական մի իրողության, մեկ ժողովրդի հանդեպ կատարված եղեռնագործության դատապարտում է, այլև առավելաբար մերժումն ու բացառումն է մարդկության դեմ գործված և գործվող բոլոր տեսակի բռնությունների և ոճիրների, որոնց այսօր էլ զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ՝ հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում: Ցեղասպանության ժխտողականությունը կամ աջակցությունը ժխտողականությանը և կամ եղեռնագործ երկրների նկատմամբ զգուշավորության ու սիրաշահման քաղաքականությունը նոր խթան են ցեղասպանության հանցագործությունների կրկնության համար: Առաքելավանդ պատվիրանն ասում է. «Լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը և ճշմարտութիւնը: Ստուգեցէ՛ք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. և խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք» (Եփ. 5.9-11):
Մեզ համար հոգևոր խորը գոհունակություն է, որ Վեստմինստերյան աբբայությունում մեր համատեղ աղոթքով ոգեկոչեցինք հիշատակը Հայոց Ցեղասպանության զոհերի և հայցեցինք բարեխոսությունը սրբադասված նահատակների՝ հանուն մարդկության խաղաղ ու ապահով կյանքի: Հիշատակի արարողության կազմակերպման աշխատանքներում ներդրած ջանքերի համար Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Վեստմինստերյան աբբայության վանահայր հոգեշնորհ դոկտոր Ջոն Հոլին, Լոնդոնի եպիսկոպոս լորդ Ռիչարդ Չարթրեսին, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին:
Մեր գնահատանքն ենք հայտնում Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արմեն Սարգսյանին արարողության նախաձեռնության և նշանակալի ներդրումի համար:
Այս նվիրական պահին աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված զորացնի մեր Եկեղեցիները՝ Քրիստոսի սիրով մեզ վստահված հոտին ծառայելու, հոգևոր միությամբ միմյանց զորավիգ լինելու և միասնաբար գործելու` հանուն բռնություններից ազատ, արդար և համերաշխ աշխարհի կառուցման։
Մեր աղոթքն է նաև, որ Տերը օրհնի և պահպանի Մեծ Բրիտանիո Միացյալ Թագավորությունը, նրա գահակալին՝ Նորին Արքայական Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, իշխանություններին, Անգլիկան Եկեղեցուն ու բարեպաշտ ժողովրդին և Իր երկնառաք խաղաղությունը շնորհի համայն մարդկությանը:
Թող Տիրոջ օրհնության ներքո առավել զորանան և արգասավորվեն բարի հարաբերություններն ու համագործակցությունը մեր երկրների և ժողովուրդների:
Եվ թող մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները լինեն մեզ հետ և ամենքի՝ այսօր և միշտ. ամեն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ