«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2015թ.-ի հոկտեմբերի 29-ի նիստում:
Ցավով պետք է կրկին արձանագրենք Հայաստանի Հանրապետությունում առկա մահացու և ծանր հիվանդության տարածման փաստի վերաբերյալ: Նորից համապետական ընտրական կեղծարարության միջոցառում՝ «սահմանադրական հանրաքվե» աշխատանքային անվան ներքո, որով Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությունը և քաղաքական կյանքը փորձում են երկարացնել:
Այս նպատակին հասնելու համար Սերժ Սարգսյանը նաև հայկական երկու հանրապետությունների անվտանգությունն է դարձրել առևտրի առարկա:
Արցախի, Նախիջևանի և քեմալա-բոլշևիկյան հանցավոր գործարքների ժամանակակից փորձի կրկնությունը ստանձնելով՝ նա լծվել է աշխատանքի:
Կարդացեք նաև
Հիմնական ընտրակեղծարարության քողարկողին, ոչ միայն հանձնարարվել է ապահովել իրավական հիմքերը հայկական հողերի հանձնման և վերջին բոլշևիկի իշխանավարման երկարացման, այլև նրան վերապահվել է քարոզիչի աշխատանքը Արցախում:
Մենք գիտակցում ենք, որ այդպիսի միջոցառումը լուջ սպառնալիք է մեր պետականության համար։ Դասեր քաղելով մեր ժողովրդի պատմությունից՝ պարտադրված ենք թույլ չտալ նախորդ սխալները:
Այսպես՝ մեջբերում կատարեմ մեծն Րաֆֆից.
«Հայաստանի Վասպուրական նահանգը Արծրունի նախարարների սեփականություններ։ Տասներրորդ դարու սկզբում Արծրունի իշխանները այն աստիճան զորացան, որ նրանցից մեկը Գագիկը, աբստամբեցավ Բագրատունյաց թագավորության դեմ և դավաճանությամբ ստացավ արաբական ոստիկան Յուսուֆից արքայական թագ։ Նրա հիմնած դժբախտ թագավորությունը տևեց հարյուր տարուց մի փոքր ավելի և ունեցավ վեց թագավորներ միայն։ Դրանցից վերջինը, Սենեքերիմը, սաստիկ հարվածներ կրելով նույնիսկ արաբացիներից և թուրքերից, չկարողացավ երկար դիմանալ և 1021 թվականին իր հաճությամբ, իր տերությունը հանձնեց հունաց կայսրին և նրա փոխարեն ստացավ կայսրից Սեբաստիա քաղաքը իր գավառներով»:
Անցել է շուրջ 1000 տարի և պատմությունը կարծես կրկնվում է. ունենք խիստ խոցելի հայկական պետականություն և նրա ճակատագրով զբաղվող համաշխարհային ոստիկանների կողմից կարգված նախագահի պաշտոնավար-գուբերնատոր:
Այդ նշանակված անձը բնութագրվում է նաև որպես վերջին բոլշևիկ:
Նա, հանուն իր քաղաքական երկարակեցության, օտարներին հանձնեց հայ ժողովրդին պատկանող և նրա ինքնիշխանությունը ապահովող ռազմավարական նշանակության սեփականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում որոշումներ կայացնելու մեր պետության իրավունքը:
Ընտրական օրենսգրքում նույնականացման քարտերի հետ կապված օրենսդրական այս փոփոխությունները ակնհայտ բարձրաձայնում են, որ վերջին բոլշևիկի խմբավորման մեջ ընտրակեղծարարության գործիքները համալրելու խնդիր է առաջացել, քանի որ իրենց արդեն չեն բավարարում ընտրական ցուցակների ուռճացվածությունը և դրանց օգտագործումից հետո քվեարկության մասնակիցների ցուցակների չհրապարակումը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան մեծ է հայ ժողովրդին բոլշևիզմի հասցրած վնասը, այն գրեթե հավասարազոր է այլ զավթիչների կողմից պատճառված վնասներին:
«Սահմանադրական հանրաքվե, սահմանադրական քարոզարշավ, սահմանադրական հանրաքվեի անցկացման համար օրենսդրական փոփոխություններ, սահմանադրական հանրաքվեի քարոզչության «այո»-ի շտաբ, ընտրակեղծարարների մոբիլիզացիա»՝ բոլշևիզմը ակտիվ գործողության մեջ է: Նշանակված է նաև «Որքան ուզենք, այնքան կխփենք» խաղարկության օրը:
Հանրապետական կուսակցությունը, շարունակելով բոլշևիզմի ավանդույթները, մերժում է ժողովրդի ընտրելու իրավունքը և հավասար, արդար, թափանցիկ պայմաններում ընտրությունների միջոցով իշխանավորներ փոխելու ժողովրդավարության հիմնարար սկզբունքը:
Բոլշևիկները ժամանակին գիտակցաբար ձևավորում էին նոր հեթանոսական պաշտամունք, որի հավատքի և երկրպագության առարկան սրբացված նախնու մումիան էր, իսկ գերագույն քուրմը՝ գլխավոր քարտուղարը:
Դեռևս անթաղ է մնացել առաջին բոլշևիկը, իսկ հայաստանյան իրականության մեջ վերջին բոլշևիկը ձգտում է անհատի պաշտամունքի նոր դրսևորման հասնել:
Այդ ճանապարհի ցուցադրական կողմը ապահովելու համար՝ նա հրապարակավ հայտարարեց, որ իր ընդդիմախոսին անձնական վիրավորանքներ և սպառնալիքներ հասցնելու մենաշնորհը փաստացի իրեն է պատկանում: Իսկ Բաղրամյան 26-ում կազմակերպված գլուխների խոնարհումներով շքերթի աննախադեպ ֆոտոտեսարաններով փորձում էր ապացուցել, որ քաղաքական դաշտի ներկայացուցիչներն իր պաշտամունքի կրողներն են:
Սիրելի հայրենակիցներ,
Թե´ անհատի պաշտամունքը, թե´ իշխանազավթիչները, թե´ բռնապետերը ապագա չունեն: Նրանք ազդեցիկ և կարող են թվում միայն և միայն մեր սրտերում առաջացած վախի և անտարբերության պատճառով: Շատ հաճախ ինքներս մեզ ներշնչում ենք, թե սրանք հավերժ են, սրանցից հնարավոր չէ ազատվել և միակ ելքը գաղթելն է:
Այնինչ նրանք իրականում սովորական մարդիկ են՝ իրենց վախերով, մոլորություններով, սխալներով և մահկանացուի բնական վախճանով: Հետևաբար՝ վախենալու կամ գաղթելու փոխարեն պետք է ցույց տանք առողջ բանականությամբ և բնազդներով գործողություն, այն է՝ համախմբման, անհնազանդության և իրավատիրության միացյալ գործողություն, որը կսկսի դեկտեմբերի մեկից Ազատության հրապարակում:
Մենք բոլորս նույնպես սովորական մահկանացուներ ենք, բայց նաև մենք ներկայացնում ենք հայ ժողովրդին և պարտավոր ենք ապրել մեր հողում, արարել մեր Հայրենիքի համար և պաշտպան կանգնել նրան:
Կրկին հարց է ծագել.
«Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կը լինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե Աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն եւ հայի որդին»:
Ո´չ: Այլևս բավ է լինել ազգ խղճալի և ծառա օտար իշխանի: Իհարկե, արժանի է հայը և հայի որդին:
Ուրեմն, զինված քաղաքական գիտակցությամբ և մարտնչելու վճռականությամբ՝ դեկտեմբերի 1-ին ցուցադրում ենք մեր արժանապատվությունն ու միասնականությունը և մեր Փոքր Մհերին վերջնականապես հանում ենք քարանձավից:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն
29 հոկտեմբերի 2015թ.