Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ եք մեյդան ընկնում, արա՛, հանրապետությունից բան չթողեցիք». Բագրատյանն ու Արծվիկ Մինասյանը վիճեցին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2015 13:26

«Պարոն Բագրատյանը բաներ ասաց, որոնք, անշուշտ, Սահմանադրական փոփոխությունների հետ կապ չունեն: Մասնավորապես պառլամենտական կառավարման համակարգ կոչվածի վերաբերյալ: Դա շատ հստակ է: Ո՞վ է ձեւավորում կառավարությունը՝ նախագահական կառավարման ժամանակ դա վերապահվում է նախագահին՝ անկախ ԱԺ-ից, կիսանախագահականի ժամանակ նախագահը, հաշվի առնելու ԱԺ տեղերի հարաբերակցությունը, ձեւավորում է, պառլամենտականի ժամանակ պառլամենտն է հենց ձեւավորում: Մնացածը պառլամենտական կառավարման հետ կապ չունի»,- այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ-ական պատգամավորների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց Հրանտ Բագրատյանի երեկվա ելույթին՝ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված:

Հիշեցնենք, որ պարոն Բագրատյանը հայտարարել էր, որ «Փոխում եք Սահմանադրությունը, որ կարողանաք մի քանի շրջան զիջեք, որպեսզի նորմալ քվեարկություն լինի, որովհետեւ համարում են, որ նախագահը չի զիջելու: Ինստիտուտը պիտի փոխվի, դրա համար Ռուսաստանն էլ է ասում գոհ ենք, ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ, բոլորը: Որովհետեւ բոլորը ասում են, որ Հայաստանն է, որ պիտի տա մի 4-5 ռայոն, որպեսզի այս ռեգիոնում իբր թե խաղաղություն լինի: Մի համոզեք ինձ ձեր պառլամենտական փոփոխությունների մեջ, պառլամենտական հանրապետություն այդտեղ չկա»:

Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ պատրաստ է այս թեմայով բանավիճել ցանկացածի հետ՝ հրապարակային, մամուլի ասուլիսներում հեռուստաեթերում. «Քննադատենք, բանավիճենք, ճշմարտությունը վեր հանենք: Ինչ վերաբերում է արտաքին հարցերին՝ թե գործող, թե՛ առաջարկվող Սահմանադրությամբ խաղաղության թե պատերազմի հարցերի լուծման բացառիկ իրավունքը վերապահված է ԱԺ-ին: Չկա մի հարց, որը գործող Սահմանադրությամբ վերապահված է մեկ անձի, իսկ առաջարկվող Սահմանադրությամբ կոլեկտիվի: Նոր, արհեստածին բաներ պետք է չի մտածել, չահաբեկեն, չվախեցնենք մեր ժողովրդին մի բանով, որը չկա»:

Նրա ելույթից հետո Հրանտը Բագրատյանը տեղից արձագանքեց եւ սկսեց վիճել, որ իրեն էլ ձայնի իրավունք տան. «Ես չեմ ընդունում այս ձեւը: Չի կարող մի պատգամավոր մյուսի վրա խոսա: Ի՞նչ եք ձեր վրա վերցնում, պարոն Մինասյան: Ես ուզում եմ բանավեճի գնալ Սահմանադրության հեղինակների հետ, քո հետ հենց հիմա դուրս գանք՝ բանավիճենք: Եվ չի կարելի վեր կենալ մյուսի վրա կարծիք հայտնել, ես ինձ կյանքում թույլ չեմ տա ուրիշի կարծիքի վրա կարծիք հայտնել: Մանավանդ ձեր ասածի մեջ 90 տոկոսը սխալ էր: Տենց բան չի եղել»:

Երբ Արծվիկ Մինասյանը հակաճառեց՝ Հրանտ Բագրատյանը տոնը բարձրացրեց. «Ձերը 1000 տոկոսով ա սխալ, հանրապետությունից բան չթողեցիք, արա՛: Հենց դո՛ւ չես թողել: Բա 18-20 թիվը ո՞վ էր: Սենց բաներ մի՛ արեք, մանավանդ դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, արա՛: Մեջ խի՞ եք ընկնում, իա՛»:

Վեճին միջամտեց Գալուստ Սահակյանը, հորդորելով լինել ավելի պատշաճ. «Նույնականացման քարտերի համար մի՛ վիճեք»: Նա հորդորեց վեճը շարունակել դրսում, բայց ոչ ԱԺ դահլիճում: Հրանտ Բագրատյանն էլ հորդորեց Գալուստ Սահակյանին, որ ոչ թե իրեն, այլ ՀՅԴ պատգամավորին նկատողություն անի. «Ընձի մի՛ ասա, իրա՛ն ասա, իրա՛ հետ եք քիփ: Ընձի ա ասում, արա՛»:

Գալուստ Սահակյանն էլ հանգստացրեց. «Ես բոլորի հետ էլ քիփ եմ, խնդրում եմ դադարեցրեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031