«50 տարի առաջ հայկական մշակույթից անտեղյակ մարդու համար տեղեկատվական միակ աղբյուրը գրականությունն էր, իսկ այսօր հեռու գնալ պետք չէ, բավական է որոնողական համակարգում գրել հայկական երաժշտություն եւ անմիջապես շատ աղբյուրներ ի հայտ կգան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով համացանցում հայկական ազգային երաժշտության հասանելիությունից, ասաց կոմպոզիտոր, երաժիշտ Արմեն Մարտիրոսյանը։
Նա ցավով նշեց, որ այսօրվա սերունդը ժամանակավոր երաժշտական ճաշակի ազդեցության ներքո է, ինչը փաստում է համացանցում ստեղծված պատկերը. «Գաղտնիք չէ, որ երաժշտությունը շերտեր ունի, կա զվարճանալու, ասենք՝ «փոփ» երաժշտություն, բայց դա չենք կարող անվանել ազգի մշակույթ: Համացանցում հայկական երաժշտությունը տարածվում է որպես ազգային ինքնության ցուցանիշ: Չեմ կարծում գտնվի մի քաղաքացի, որը կանտեսի իր պատմությունը: Մենք հին ազգ ենք, դա մեր հպարտությունն է»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօր կանգնած ենք ազգային ինքնությունը կորցնելու վտանգի առջեւ, իսկ ազգային երաժշտությունն ինքնության կարեւորագույն մասնիկներից է. «Հիշում եմ՝ դպրոցական տարիներին վերցնում էին ինչ-որ չլսված երգ, թարգմանում հայերեն, երգում եւ ստանում նոր ստեղծագործություն: Դրա մեջ վատ բան չկա, բայց դպրոցից սկսած կռվում էի այդ «ռաբիսների» հետ: Ծիծաղում էինք այն մարդկանց վրա, որոնք հայերենով երգում էին ադրբեջանական եւ թուրքական երգեր: «Ռաբիսը» տարածվեց այն պատճառով, որովհետեւ արգելվում էր, իսկ արգելված պտուղը քաղցր է: Հետագայում սկսեցի շփվել այդ խավի հետ ու հասկացա. խնդիրն այն է, որ ոչ թե չի կարելի նվագել ու երգել այդ երգերը, այլ չի կարելի դա հայկական ազգային երաժշտություն անվանել»:
2 տարի առաջ դրվեց «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի հիմքը, որի երաժշտական պրոդյուսերն է Արմեն Մարտիրոսյանը: Նախագծի շնորհիվ ձայնագրվեցին 500 ավելի երգեր եւ տեղադրվեցին Armenianmusic.am-ում: «Այդ երգերը նորից ձայնագրվեցին, քանի որ անգամ մեղեդիներն էին ջնջվել երգիչների գենետիկ հիշողությունից: Բայց չէ որ յուրաքանչյուր մեղեդի պետք է զգաս ու չերգես առանց մտածելու: Կոնսերվատորիայի արխիվում ամեն ինչ կա շնորհիվ մեր նվիրյալ դասախոսների, որոնք շարունակում են Կոմիտասի գործը: Այսօր, երբ համացանցում գրում ենք «հայկական երաժշտություն» կամ armenian music, գալիս են զանազան աղբյուրներ, որոնք կապ չունեն հայկական իրական մշակույթի հետ: Բայց արդեն կարող ենք արձանագրել, որ Armenianmusic.am-ը որոնողական համակարգում իր տեղն ունի»,-փաստեց կոմպոզիտորը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ նախագիծը շարունակական է. հրատարակության է պատրաստվում Կոմիտասի «Ժամագիրքը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ