Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ համաձայնագրով Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի 112 մլն դոլար վարկ: Վարկի շուրջ համաձայնությունն, ըստ փոխնախարարի, ձեռք է բերվել ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրով: Վարկը կօգտագործվի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները բարելավելու համար: Վարկի պայմաններն են՝ մարման ժամկետ՝ 22 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց նաեւ օֆշորային գոտի համարվող Լյուքսմեբուրգի Մեծ Դքսության հետ օդային հաղորդակցության մասին համաձայնագրի կնքմանը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ այս համաձայնագիրն էլ նախատեսում է թռիչքների իրականացման 5-րդ եւ 7-րդ կարգի ազատություն, քաղաքացիական թռիչքների եւ բեռների տեղափոխման հնարավորություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ