«Բիզնես սկսելու ցուցանիշով Հայաստանը լավագույն երկրների թվում է, մեր երկրում բիզնես սկսելու համար գործարարներից պահանջվում է ընդամենը երեք օր»,-կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով Համաշխարհային բանկի Doing Business զեկույցին: Այս զեկույցում Հայաստանը երեք կետով առաջ է անցել՝ զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Վարչապետի խոսքերով. «Բարեփոխումների քանակով Հայաստանը երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում է: Եվրասիական տնտեսական միության անդամակցության արդյունքում էապես կրճատվել են առեւտրի հետ կապված փաստաթղթերի քանակն ու ժամանակի ծախսը: Արդյունքում սահմանային ձեւակերպումների համար նախատեսված 50 ժամը հասցվել է երեք ժամի»:
Վարչապետը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հանձնարարեց մանրամասն հանրությանը ներկայացնել զեկույցի տվյալներն ու կառավարության հետագա անելիքները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ