Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսոր. «Սիրիան եւ Իրաքը հեռու չեն, Աստված չանի՝ բարդություններ առաջանան»

Հոկտեմբեր 29,2015 11:28

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկեց «Արաբագիտության արդի հիմնախնդիրները» գիտաժողովը, որը նվիրված է ԳԱԱ թղթակից անդամ, արեւելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի 85-ամյակին: Ականավոր արեւելագետի աշխատանքները ներկայացնում են արաբական երկրների պատմությունը, ազգային-ազատագրական շարժումները, Մերձավոր և Միջին Արևելք-Հայաստան հարաբերությունները:

Խոսելով գիտաժողովի առաքելությունից՝ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում արաբագիտությունը համարեց ազգային հարստություն, որի միջոցով պետք է նախանշվեն Մերձավոր Արեւելքի հետ հետագա հարաբերությունները. «ԽՍՀՄ-ում այնպիսի նվաճումների հասանք, որ Հայաստանի Արաբագիտության կենտրոնը Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտից հետո համարվում էր 2-րդ կարեւոր կենտրոնը: Իսկ անկախության նվաճումից ի վեր մեր Կառավարության համար ռազմավարական նշանակության գործունեություն ենք իրականացնում՝ մշակելով մերձավորարեւելյան քաղաքականության առանձնահատկությունները եւ դիվանագիտական ճակատի համար պատրաստելով կադրեր: Նրանցից երեքն այսօր դեսպաններ են մերձավորարեւելյան մի շարք երկրներում, որոշ արաբագետներ էլ աշխատում են Եգիպտոսի, Իրաքի եւ Սիրիայի գիտական կենտրոններում: Նրանց աշխատությունները տրամադրվում են նաեւ արտերկրի գիտական կենտրոններին»:

Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը՝ կարեւոր է վերլուծել, թե այն որքանով է ազդում Հայաստանի վրա՝ ասաց պրոֆեսորը. «Ըստ էության, հարեւան երկրներ ենք, Մերձավոր Արեւելքի երկրներում մշտապես եղել են հայկական համայնքներ, ուստի չենք կարող անտարբեր լինել: Սիրիան եւ Իրաքը մեզանից հեռու չեն, Աստված մի արասցե՝ բարդություններ առաջանան: Պարզ է, որ կարող ենք ակամայից ներգրավվել այդ ամենի մեջ, բայց հուսանք, որ մեր իմաստուն քաղաքականության շնորհիվ կխուսափենք դրանից»:

Aravot.am-ը Նիկոլայ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե սիրիական հակամարտության ներկայիս փուլում որն է հայ արաբագետների անելիքը. «Նախեւառաջ, գիտական-մասնագիտական աշխատանքը: Պետք է կարողանանք վերլուծել ու բացահայտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ հատկապես՝ Թուրքիայի դիրքորոշումը՝ հասկանալու համար հետագա միտումները, որովհետեւ իրավիճակն իսկապես բարդ է: Օրինակ, եթե նախկինում Սիրիայում մոտ 100 հազար հայ էր բնակվում, ապա այսօր՝ գրեթե 20 հազար»: Հովհաննիսյանն արդյունավետ համարեց սիրիական հակամարտությանը Ռուսաստանի ռազմական միջամտությունը. «Դրա շնորհիվ ահաբեկիչները տիրապետող չեն դառնում: Ռուսական օդուժի գործողությունների միջոցով կպահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը»:

Հավելենք, որ գիտաժողովը կշարունակվի նաեւ հոկտեմբերի 30-ին: Զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի, Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի գիտնականները և մասնագետները:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031