Լրահոս
Օրվա լրահոսը

Քարերը ստուգելու ժամանակը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 29,2015 11:02

Գյումրիում սույն թվականի հունվարի 15-ին կայացած բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիների եւ ոստիկանների բախման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը «անիմաստ» ձգձգվում է։

Հիշեցնենք՝ այդ օրը հազարավոր գյումրեցիներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով, որ Ավեստիսյանների ընտանիքի 7 անդամներին գնդակահարած ռուս զինվորական Վալերի Պերմյակովը հանձնվի հայկական կողմին։

Արդեն տեւական ժամանակ է՝ սույն քրեական գործի շրջանակներում ոչ մի քննչական գործողություն չի կատարվում մեղադրյալների մասնակցությամբ։ Քրեական գործի շրջանակներում կա 19 մեղադրյալ։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ։ Այս գործով նախաքննական մարմինը ձերբակալել էր միայն գյումրեցի Մնացական Ալեքսանյանին, սակայն նա երկու օր անց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն երկրից չհեռանալու մասին։

Երեկ Մնացական Ալեքսանյանի պաշտպան Հայկ Հարությունյանն ասաց, որ երկու ամիս առաջ սույն գործով նշանակվել է «քարերը ստուգելու» փորձաքննություն. «Բախումների օրը նետած քարերն ուղարկվել են փորձաքննության, երեւի ցանկանում են պարզել, դա սառը զենք համարվու՞մ է, թե՞ չի համարվում, կամ օգտագործվող այլ առարկաների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ : Բայց հիմնականում ինձ թվում է՝ այս փորձաքննությունը նշանակվել է պարզապես ժամանակ ձգելու համար։ Ես միտում եմ տեսնում՝ գործի նախաքննությունը անիմաստ ձգձգելու»,- ասաց Հարությունյանը։

Հարցին, թե սույն փորձաքննությունը գործի համար կարեւոր նշանակություն ունի՞, փաստաբանը պատասխանեց, որ այն չի կարող քրեական գործի համար էական նշանակություն ունենալ, ուստի, ըստ նրա՝ այս փորձաքննությունը նշանակելու անհրաժեշտությունը չկար։ «Բացի այդ՝ իրենք կարող էին հենց առաջին օրվանից սկսած նշանակել այս փորձաքննությունը, եթե այն իրենց համար այդքան կարեւոր նշանակություն ուներ, ոչ թե վեց ամիս հետո նոր որոշեին, որ կարելի է այդպիսի փորձաքննություն նշանակել։ Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, թե ոնց են այդքան ժամանակ հետո գտել այդ քարերը։ Սա միտում է նախաքննությունը ձգձգելու, ուրիշ ոչինչ։ Ես բազմաթիվ նմանատիպ գործերի եմ մասնակցել, բայց որ քարը ուղարկեն փորձաքննության ինչ-որ բան պարզելու համար, ես նման բան չեմ հանդիպել»,- նշեց Մնացական Ալեքսանյանի պաշտպանը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031