Ակնհայտ է, որ «Doing Business» սանդղակում Հայաստանի դիրքերի բարելավումը գործնականում ոչ մի ազդեցություն չի ունենում օտարերկրյա ներդրողների վրա։ Վերջիններս գնալով ավելի ու ավելի քիչ ներդրումներ են անում մեր տնտեսության մեջ այն պարզ պատճառով, որ գործնականում բիզնեսով զբաղվելը Հայաստանում ավելի է դժվարանում։ Իսկ դրա պատճառն այն է, որ «Doing Business» սանդղակը կազմելիս՝ ՀԲ փորձագետները հիմնականում առաջնորդվում են ոչ թե իրավիճակի գործնական ուսումնասիրության արդյունքներով, այլ երկրի օրենքներում եւ նորմատիվ այլ ակտերում կատարված փոփոխություններով։ Իսկ մեր հիմնական պրոբլեմը ոչ թե օրենքներն են, որոնք իսկապես բավականին լավն են, այդ դրանց գործնական կիրարկումը։ Օրինակ, Հայաստանում գործող օրենքներով, մոնոպոլիաների տիրապետող տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահումը արգելվում է, իսկ չարաշահողները ենթակա են ծանր տուգանքների։
Բայց գործնականում ամենաընդգծված մոնոպոլիստները երբեք չեն պատժվել։ Ավելին, նրանք գնալով ավելի ու ավելի են կենտրոնացնում մեր տնտեսությունը իրենց ձեռքերում։ «Doing Business» սանդղակը կազմելիս ՀԲ-ի փորձագետները սա հաշվի չեն առնում։ Փոխարենը հաշվի են առնում, որ այսինչ կանոնակարգում այս փոփոխությունն է արվել, որի արդյունքում պետք է հեշտանա, ասենք, շինարարության թույլատրման գործընթացը։ Գործնականում, սակայն, եթե շինարարություն սկսող անձը խստորեն պահպանի բոլոր կարգերը, կաշառքներ ու մաղարիչներ չբաժանի, ծանոթներ ու բարեկամներ մեջտեղ չգցի, ապա բուն շինարարության փուլին կարող է եւ չհասնել։ Այս անգամ սանդղակում մեր դիրքերը բարելավվել են, օրինակ, այն բանի շնորհիվ, որ վիճարկվող գործերը դատավորներին հասնում են ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով՝ պատահականության սկզբունքով։ Այսինքն, իր հարցերը դատարանում կաշառքով լուծելու պատրաստ որեւէ մեկը այսուհետ չի կարողանում այնպես անել, որ գործը ընկնի իր ուզած կամ իր ծանոթ դատավորի մոտ։ Տեսականորեն սա շատ լավ է, գործնականում՝ ոչ մի տարբերություն։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում