Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պուտինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ շնորհակալություն հայտնելով Սիրիայում այդ երկրի ծավալած մարտական գործողությունների համար: Տեսարանն ինձ հիշեցնում էր Մուսորգսկու «Բորիս Գոդունով» հանճարեղ օպերայի առաջին գործողությունը, երբ «պրիստավը» ստիպում է ժողովրդին փառաբանել նոր թագավորին: Դա չի նշանակում, որ Սիրիայի հակամարտությանը մասնակցելը սխալ քայլ էր՝ խոսքն ընդամենը դարերի ընթացքում ձեւավորված ավանդույթի մասին է:
Բայց Հայաստանում կան մարդիկ, որոնք այն աստիճանի են ատում Պուտինին, որ օրը մեջ կանխատեսում են, թե Ռուսաստանը մոտակա ժամանակներս կկործանվի: Ահա այստեղ է, որ ես կարող եմ վստահաբար ասել, որ նման՝ մեզ համար խիստ անցանկալի երեւույթ տեղի չի ունենա: «Խառնակ ժամանակներ» (ինչպիսին էր, ի դեպ, Ռուսաստանում 17-րդ դարի սկիզբը), շատ հավանական է, կլինեն, որովհետեւ այդ երկիրը ներքին «հակաթույն» չունի «պուտչերի» դեմ. չկան այն ինստիտուտները՝ նախեւառաջ արդար ընտրություններն ու լուրջ հակակշիռ հանդիսացող խորհրդարանը, որոնք կբացառեն պալատական հեղաշրջումները: Բայց կործանում Ռուսաստանին չի սպառնում՝ մեր բարեկամ երկրի ժողովուրդը կհաղթահարի հերթական ճգնաժամը, վերնախավը կրկին կսկսի մտածել բարեփոխումների մասին, որոնք, իհարկե, կտապալվեն: Եվ այլն: Սակայն հանդգնում եմ 100 տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել՝ մոտակա պատմական հեռանկարում Ռուսաստանը կմնա որպես միասնական պետություն՝ իր ներկայիս սահմաններով:
Քաղաքագետները, քաղաքական գործիչները չեն սիրում կանխատեսումներ անել (ժամանակին նրանցից մեկն ասել է՝ «ես հո Վանգանը չեմ»), նրանք վախենում են սխալվել, եւ դրա համար սահմանափակվում են լղոզված ձեւակերպումներով՝ «ժամանակը ցույց կտա», «կանխատեսումներ անելը շնորհակալ գործ չէ»: Բայց քանի որ ես ոչ քաղաքագետ եմ, ոչ էլ գործիչ, մի կանխատեսում էլ անեմ. ի հեճուկս իմ որոշ բարեկամների հաշվարկների՝ ոչ մի Սահմանադրության պարագայում Հայաստանում Ազգային ժողովի նախագահը երկիր չի կառավարելու՝ անկախ նրանից, թե նա «գենսեկ» կլինի, թե չի լինի: Բացառված է, որ ՀՀ ԱԺ նախագահը մեր երկրի անունից բանակցություններ վարի Պուտինի կամ, ասենք, Ալիեւի հետ: Ժամանակակից աշխարհում նման նախադեպ չկա: Բացառված է նաեւ, որ նրա ձեռքում լինեն երկրի տնտեսության լծակները: Պետական կառավարման ոչ մի կոնֆիգուրացիա, իրական վիճակի ոչ մի դասավորություն նման հնարավորություն չի տա:
Դա չի նշանակում, որ ներկայիս Սահմանադրությունը պետք է փոխվի: Գուցե դարձյալ ոչ ժողովրդահաճո միտք արտահայտեմ, որ Հայաստանին ոչ մի «արտաքին» փոփոխություն պետք չէ, դա ոչ մի լավ կամ վատ հետեւանքների չի բերի, պարզապես ժամանակի եւ ուժերի կորուստ է: Մեր հասարակությունը պետք է ներքուստ փոխվի՝ իր մտածելակերպով, իր աշխարհընկալմամբ: Իսկ դրա համար պետք է ժամանակ եւ համբերատար, հանգիստ բացատրական աշխատանք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հեքիաթ կլիներ, որ Հայաստանում մարդիկ գնային ու չոքած շնորհակալություն հայտնեյին Հայաստանի կառավարիչին, Սիրիայում հայ բնակչության պաշտպանության համար “ծավալած մարտական գործողությունների համար”: Դարերի ընթացքում ձեւավորված ավանդույթ է փախուստը:
Դուք ճիշտ եք, որ մեր հասարակությունը պետք է ներքուստ փոխվի իր մտածելակերպով, իր աշխարհընկալմամբ: Իսկ դրա համար պետք է ունենալ Հայաստանի Հանրապետության գոնե մեկ հատ կենդանի իրական հերոս, օրինակելի մաքուր դեմքեր:
Մեր հասարակությունը պետք է ներքուստ փոխվի՝ իր մտածելակերպով, իր աշխարհընկալմամբ:
Ավելի շուտ երեւի թե մահմեդականները կհրաժարվեն իրենց հավատքից, քան մեր հասարակությունը ներքուստ կփոխվի՝ իր մտածելակերպով, իր աշխարհընկալմամբ:
Ո՞նց պիտի դա լինի:
$1000 😀 😀
Սորեսից թե Պուտինից?..))))…
Մեր ներքուստ փոխվելը մեր միակ փրկությունն է, երբ այսօր կա մի հոգի հավատացող’ վաղը կլինի երկրորդը նրա կողքին, ապա հաջորդ օրը երրորդը եւ մի օր կտեսնեք որ այդ հավատացողներն են ղեկավարելու մեր չքնաղ երկիրը:
ո՜հ, սակայն նուազագոյն լաւատեսութիւնը, նուազագոյն դրական զգացումը կամ մտածումը՝ բացարձա՛կապէս արգիլուած են Հայաստանում, սիրելի Պետրոս
պէտք է այդտեղ տեսնել միայն ու միայն վատը, սեւը, մութը… անծայրածիր խաւարներ, եւ ոչ մի ելք, ո՛չ մի փրկութիւն
լոյսի նշոյլ մը անգամ նշմարելը անընդունելի է…
նոյնիսկ՝ կասկածելի
Տվեք ձեր ձեր պատկերացրած աշխարհընկալման և մտածելակերպի պարամետրերը և արժեքային համակարգի հիերախիան՝ որը ենթադրում եք, որ պետք է ունենա «ներքուստ փոխված հասարակությունը»։ (Տաքսիստների, անկարգապահ շինարարների, մուտքերում միզողների… վերաբերյալ ձեր գեղարվեստական մուննաթները որպես փոփոխությունների ծրագիր՝ ընդունելի չէ)։
Կանխատեսեք, որքան ժամանակից (այդ թվում նաև՝ ձեր աշխատանքի շնորհիվ) «համբերատար, հանգիստ բացատրական աշխատանք»-ը կտա որակական փոփոխության այն մակարդակը, որը բավարար բազա կհանդիսանա ձեր պատկերացրած պետության կառուցման հաձար։
Ինչ ռեսուրսներ ունեք, և լրացուցիչ ինչի կարիք ունեք՝ ձեր ձեր ցանկացած փոփոխությունները իրագործելու համար?
Ինչ անեն այն մարդիկ, որոնց համար՝ փոփոխությունների ձեր առաջարկած ծրագիրի տեմպը, նպատակը, եղանակը… ընդունելի չէ? (խոսք վերաբերվում է և՜ ավելի «արագ», և ավելի «դանդաղ» կատեգորիաներին, ինչպես նաև մարդկանց՝ որոնց համար այսօրվ իրականությունը իդեալական է։)
Երեւանում Ռուսական դեսպանատան առջեւ Պուտինի շնորհակալութիւն յայտնող (մի քանի) սուրիահայերի նկատմամբ լաւ կը լինի հասկացողութեամբ մօտենալ:
Այդ գաղութի հայերը գրեթէ հինգ տարիներէ ի վեր տեսնում ու ապրում են իրենց ծննդավայրի ահաւոր քանդումը, դժոխքի վերածումը, ընդհանրապէս մնացեալ աշխարհի անտարբերութեան մէջ, եւ յատկապէս Արեւմուտքի մեղսակցութեամբ:
Այժմ ու վերջապէս, յոյս ստացան, Ռուսաստանի միջամտութեամբ: Բնական է ուրեմն որ անոնք փափաքին իրենց երախտագիտութիւնը յայտնել: (Թէպետ անզգոյշ քայլ է, գոնէ ռազմավարական իմաստով, քանզի տակաւին Հալէպը չէ ազատագրուած, եւ տակաւին այդտեղ մնացած հայերը գտնվում են ճիհատիստների գազանային ճանկերում) :
Մի խօսքով, դժուար է վերոյիշեալ միջադէպը բաղդատել այն օրերին հետ երբ հայեր, մասսայական թիւերով եւ օրնիբուն, ծնկաչոք երկրպագում էին, ասենք, Ստալին մը…
Այս դիտանկիւնից, համաձայն եմ Խմբագրապետին հետ, թէ ծանր – եւ հրատապ – աշխատանք ունենք տանելիք, ներքնապէս: Թէ հաւաքականօրէն, եւ թէ անհատաբար:
Հարգել Արամ, եթե փոփոխություն եք ցանկանում, դուք պիտի ձեզանից սկսեք, թե չէ շատ հեշտ է ուրիշի աչքի փայտիլը տեսնել , բայց սեփական գերանը 😉 մոռանալ.
Հարգելի Հ, Շ, ես հարգում եմ ձեր կարծիքը, բայց նորից հավատում, որ դու կարող ես լինել այն առաջինը եւ քո կողքին փնտրես, գտնես երկրորդը: Պետք չէ մեր միակ հարստությունը’ ՄԻՏՔԸ հոգնեցնենք բացասականը հաշվելով…
՝Մեր հասարակությունը պետք է ներքուստ փոխվի՝ իր մտածելակերպով, իր աշխարհընկալմամբ:
Պատրաստ եմ փորձել ներքուստ փոխել սեփական մտածելակերպս ու աշխարհընկալումս, բայց ո՞րն է ճիշտ մտածելակերպն ու ճիշտ աշխարհընկալումը, որին պետք է ձգտեմ, ովքե՞ր են այն խելոք մարդիկ եւ որտե՞ղ կարդամ նրանց խելոք խրատներն ու տեսնեմ նրանց ճիշտ գործերը: Մենք փոխանակ գտնենք մեր միջից այդ խելոքներին, մեր գլխներին դնենք նրանց ու ասենք՝ ասա ո՞ւր գնանք ու ի՞նչ անենք, դրա փոխարեն ժողովրդավարություն ու բազմակարծիքություն ենք խաղում ու անբանության մատնվում: Երբ իշխանական բուրգի գագաթին կհայտնվեն միաժամանակ ամենախելոք, ամենամաքուր, ամենապատասխանատու, ամենահարուստ ու ամենապաշտպանված ազգի սերուծքը, այդ ժամանակ ամեն տեսակ դրսից դրածոներին էլ տեղ չի մնա իշխանությունում:
Հետեւություն՝ Մեր հասարակությունը ներքուստ կփոխվի՝ իր մտածելակերպով, իր աշխարհընկալմամբ, երբ կսովորի կամավոր իր ազգակիցների մեջ հայտնաբերել ու ընդունել իրենից ավելի արժանավորին, նրան իր գլխին թագավոր կարգի ու խստագույնս ենթարկվի նրա ասածներին: