Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը Շաբոյանի հանձնաժողովը «ոտից գլուխ անհեթեթություն» է համարում

Հոկտեմբեր 29,2015 15:30

Օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ու Խաչատուր Քոքոբելյանը վիճել էին միմյանց հետ: Վերջինս Շաբոյանին քննադատել էր, որ երկիրը խեղդված է մոնոպոլիաների մեջ, իսկ Շաբոյանը իր բուն գործառույթը թողած՝ ԱԺ-ում բուֆետների սննդից է խոսում: Արտակ Շաբոյանն էլ լրագրողների հետ զրույցում անհեթեթություն էր որակել Քոքոբելյանի քննադատությունը:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Խաչատուր Քոքոբելյանը բարկացավ՝ ասելով. «Ես ընդհանրապես ոտից գլուխ անհեթեթություն եմ համարում այդ հանձնաժողովի գոյության փաստը, որովհետեւ ՀՀ քաղաքացիների համար մինչեւ այս պահը չկա մեկ որակական խնդիր, որը լուծել է այդ հանձնաժողովը: Ես գտնում եմ, որ դա մեր բյուջեի համար մեծ կորուստ է»:

Ըստ նրա՝ իհարկե, նման հանձնաժողով պետք է երկիրն ունենա, բայց աշխատող եւ գործող հանձնաժողով. «Հայաստանում այսօր չկա որեւէ մեկը, այդ թվում՝ ձեր նշած մարդը, որ չգիտի՝ Հայաստանը խեղդված է մոնոպոլիաների մեջ: Կա՞ մի դեպք, գոնե մի ոլորտ, որ ազատականացրել են: Ինձ հայտնի չէ, եւ ես կուզենայի փաստերով խոսել»:
Մեր դիտարկմանը, որ Արտակ Շաբոյանն ընդգծում է՝ ըստ օրենքի, Հայաստանում մենաշնորհներ չկան, կան միայն գերիշխող դիրք ունեցողներ, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «ՀՀ-ում վստահաբար չկա որեւիցե իրազեկ քաղաքացի, ում հետաքրքրում է տնտեսությունը եւ տնտեսության վիճակը, եւ որը չգիտի, որ Հայաստանում կարեւորագույն ոլորտները գտնվում են տոտալ վերահսկողության տակ: Եվ այդքանից հետո խոսել, որեւիցե մի օրինակ գոնե չբերել՝ առնվազն լուրջ չեմ համարում: Մեր հարկատուների փողերով ձեւավորվող կառույցները պարտավոր են հետամուտ լինել մեր քաղաքացիների շահերին»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031