Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարօրինակ կլիներ, որ ավելի ցածր մակարդակով ներկայացված լիներ շտաբը»

Հոկտեմբեր 29,2015 15:00

Սերգեյ Մինասյանը՝ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի մասին

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նորմալ է համարում, որ երկրի համար կարեւորագույն փաստաթղթի փոփոխության քարոզարշավում իշխող կուսակցությունը նախընտրական շտաբի «գլխավորներին» ընտրելիս կանգ է առել ամենաբարձր պաշտոններ զբաղեցնողների եւ լուրջ լծակներ ունեցողների վրա:
«Կարծում եմ՝ ավելի տարօրինակ կլիներ, որ ավելի ցածր մակարդակով ներկայացված լիներ շտաբը»,- ասում է պարոն Մինասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի քարոզարշավի շտաբի պետը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, իսկ նրան տեղակալներ են նշանակվել ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, որը «Տաշիր Գրուպ»-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը եւ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը: ՀՀԿ-ի նախընտրական շտաբում այս անունների առկայությունը շատերի մոտ տարբեր կարծիքների եւ ենթադրությունների տեղիք է տվել:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում չի ցանկանում ենթադրություններ անել, տարօրինակ չի համարում նախընտրական քարոզարշավին, օրինակ, Կարեն Կարապետյանի մասնակցությունը. «Կարեն Կարապետյանը ժամանակին եղել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար: Կարծում եմ՝ տրամաբանություն կա, որ տարածքային կառավարման նախարարին են ընտրել, իսկ Կարեն Կարապետյանը, բացի նրանից, որ հանդիսանում է բարեկամ-եղբայր բավականին մեծահարուստ սփյուռքահայ գործչի, նաեւ կարելի է ասել՝ ունի մեծ ազդեցություն Հայաստանի համայնքներից մեկում, այսինքն՝ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Հայաստանի հյուսիսային մասում»:

Վերլուծաբանը նշում է, որ այդ նշանակումները պայմանավորված են նրանով, թե որքան կողմ ձայներ կարող են այդ մարդիկ բերել իրենց մասնակցությամբ՝ իրենց կապերի կամ ազդեցության միջոցով:

ՀՀԿ-ի «Այո»-ի քարոզարշավին անձամբ նախագահի մասնակցության վերաբերյալ պարոն Մինասյանն ասում է, որ դա քաղաքական որոշման հարց է, եւ երկրի ղեկավարությունը պետք է որոշի դրա նպատակահարմարությունը, կարծում է, որ վարչապետի մասնակցությունն էլ կարող է բավարար գնահատվել:

Պարոն Մինասյանը եւս, ինչպես շատերը, նկատում է, որ հասարակության շրջանում սահմանադրական փոփոխությունների շուրջ հետաքրքրության աստիճանը ցածր է: «Այդ առումով Հանրապետականի համար առավելություն կարող է լինել, որովհետեւ լուրջ ադմինիստրատիվ լծակների ներգրավման անհրաժեշտություն կարծես չի լինի»,- ասում է նա՝ նշելով, որ քարոզարշավը դժվար է «Ոչ»-ի ճակատների համար: «Դեմ»-ի ինիցիատիվան ոչ թե կոնկրետ մարդիկ են, որոնք փորձում են հակադրվել Հանրապետական կամ իշխանամետ թեկնածուներին ընտրության ժամանակ, այլ ինչ-որ աբստրակտ «ոչ» գաղափարն է,- ասում է պարոն Մինասյանը՝ ավելացնելով,- այդ պատճառով է, որ «Ոչ»-ի ճակատի նախաձեռնությունները, փորձելով օգտագործել իրենց ռեսուրսները՝ ինտելեկտուալ, ֆինանսական, իրենց գործողությունները կապում են իշխանափոխության հետ, այլ ոչ թե հենց սահմանադրական բարեփոխումների»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031