Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զորավարժություններին զինվորը լուրջ վնասվածք է ստացել

Հոկտեմբեր 29,2015 14:30

ՊՆ-ն ասում է՝ մենք ոչնչով չենք կարող օգնել

Այն բանից հետո, երբ կառավարությունը՝ ի դեմս պաշտպանության նախարարության, հրաժարվեց զինծառայության ընթացքում վիրավորված զինվորների բուժումը արտերկրում կազմակերպելուց՝ պատճառաբանելով, թե պետությունը միջոցներ չունի, հասարակական վրդովմունքի մեծ ալիք բարձրացավ: Խոսքն այն զինվորների մասին էր, որոնց բուժումը, առողջապահության նախարարության ցուցումով, մեր երկրում պարզապես անհնար էր:
Թերեւս հասարակական ընդվզումը հաշվի առնելով էլ Ազգային ժողովն այս տարվա հունիսին քվեարկության դրեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր զինվորական ծառայության ընթացքում հիվանդություն կամ խեղում ստացած զինծառայողների բուժումն արտերկրում իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախագիծն ընդունվեց միաձայն, սակայն արտերկրում բուժման կարիք ունեցող զինվորների հարազատների ուրախությունը կարճ տեւեց:

Արդեն նախկին զինվոր Աշոտ Այվազյանի ծնողներին, որոնց որդին հաշմանդամ է դարձել ծառայության ընթացքում զինվորական պարտականությունները կատարելիս, ոչ մի կերպ չի հաջողվում ապացուցել, որ իրենց զինվոր-որդու կյանքի, առողջության համար պատասխանատուն պաշտպանության նախարարությունն է, որպեսզի վերջինս էլ ստանձնի Աշոտի՝ արտերկրում բուժումը: Աշոտ Այվազյանը ծառայության ընթացքում զինավարժությունների ժամանակ ինչ-որ զինտեխնիկայից հարված է ստացել կրծքավանդակին, որը կարճ ժամանակ անց զինվորի առողջության վրա լուրջ հետեւանք է թողել: Նա բանակ է զորակոչվել 2012-ի ամռանը, սակայն մեկուկես տարի անց զորացրվել՝ արդեն հաշմանդամ դարձած: Զննելու արդյունքում Աշոտ Այվազյանի մոտ հայտնաբերել են ուռուցք, եւ ախտորոշվել է B2 տիպի թիմոմա: Ներկայումս ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում նա հաշվառված է որպես 2-րդ խմբի զինհաշմանդամ:

«Առավոտ» օրաթերթն իր «Զինվորի կյանքը փրկելու համար փող չունեն, բայց պաշտոնյաներին թանկարժեք մեքենաներով ապահովելու համար՝ ունեն» հրապարակմամբ 07.03.2015 թ.-ի համարում արդեն անդրադարձել է այս խնդրին:
Օր օրի Աշոտի առողջական վիճակը դեպի վատն է գնում, սակայն, չգիտես ինչու, բյուջեում նախկին զինվորի համար ոչ մի լումա չի գտնվում: Որ Աշոտը պետք է բուժվի արտերկրում՝ այդ մասին գրավոր հավաստել է նաեւ առողջապահության նախարարությունը: Այս կառույցից զինվորի հորը՝ Հովհաննես Այվազյանին, հայտնել են, որ հաշվի առնելով ախտորոշումը եւ հիվանդության ընթացքը՝ Աշոտ Այվազյանին ցուցված է բուժում Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ արտերկրում: Աշոտ Այվազյանը դիմել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի համալսարանական կլինիկա, որտեղ ձեռք է բերվել պայմանավորվածություն. հետազոտությունների համար վճարել 12.000 եվրոյի չափով կանխավճար, որից հետո կծրագրվեն թերապիայի հնարավոր միջոցները: Կանխավճարը կատարվել է, եւ Աշոտի հարազատների խոսքերով՝ այժմ հարկավոր է 25.000 եվրո գումար փոխանցել նույն կլինիկա, որպեսզի հնարավոր լինի սկսել բուժման կուրսը, որի համար էլ բազմիցս դիմել են ՊՆ:

Մինչ նշյալ օրենքում փոփոխությունը՝ պաշտպանության նախարարության ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության կողմից հայտնել են, որ օնկոլոգիական հիվանդություններով տառապող անձանց բուժումն անվճար է՝ անկախ սոցիալական խմբերից, եւ իրականացվում է համավճարային եղանակով, սակայն երբ Աշոտի ծնողները ներկայացրել են առողջապահության նախարարության գրությունն այն մասին, որ մեր երկրում հնարավոր չէ Աշոտին բուժել, այս անգամ էլ ռազմաբժշկական վարչությունը հայտնել է, որ ՀՀ ՊՆ-ն բուժումը արտերկրում կազմակերպելու գործընթաց չունի:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունից հետո Աշոտ Այվազյանի մոտ հույս է արթնացել, սակայն այս անգամ էլ նախարարությունն օրենքի փոփոխությունը հօգուտ իրեն է մեկնաբանել: Երբ Աշոտ Այվազյանը մի նոր դիմում է գրել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով բուժման համար հատկացնել օրենքով հասանելիք միանվագ դրամական օգնությունը, որի հատկացումից է կախված կյանքի փրկությունը, ՊՆ-ն պատասխանել է՝ օրենքի փոփոխությունը վերաբերում է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում, կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողներին:

Նկատենք, որ նույն նախագծում, որտեղ նշված է նաեւ, որ անհրաժեշտության դեպքում կհոգան նաեւ զինվորին ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունը օտարերկրյա պետությունում, մեկ տողով էլ խոսք է գնում բացառությունների մասին: Ասենք՝ պաշտպանության նախարարությունը չի հոգա արտերկրում բուժվելու ծախսերը, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը, կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը զինվորի կողմից լինեն կանխամտածված օրինազանցության հետեւանք:
Զինավարժությունը պաշտպանության նախարարության պարտադրանքով կատարվող գործողություն է, հետեւաբար Աշոտի առողջության համար պատասխանատվությունն էլ ընկնում է հենց նախարարության վրա:

Ըստ Աշոտ Այվազյանի փաստաբանի՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից խախտվում է Աշոտ Այվազյանի կյանքի իրավունքը. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի՝ այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031