Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում դոլարը պակասում է

Հոկտեմբեր 29,2015 14:00

Մեր երկրում հենց մի փոքր դոլարի գինը բարձրանում կամ իջնում է, մարդիկ անմիջապես խառնվում են իրար: Այս 2 օրն էլ դոլարը մոտ 10 դրամով արժեզրկվել է՝ 1 դոլարը 476-478 դրամից դարձել է 468-469 դրամ: Հատկապես խուճապի մեջ են այն քաղաքացիները, որոնց խնայողությունները, ավանդները դոլարով են. նրանք մտավախություն ունեն, որ դոլարի գինը ինչպես նախորդ տարի դեկտեմբերին սրընթաց բարձրացավ, այդպես էլ կիջնի, ուստի շատերն իրենց դոլարով պահուստները շտապում են վերածել դրամի:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց. «Խուճապի խնդիր չկա, եթե հիմա դոլարը փոխեն դրամի, գուցե հետո փոշմանեն»: Տնտեսագետը դոլարի արժեզրկման վերաբերյալ կարծիք հայտնեց, որ չնայած համաշխարհային տնտեսությունում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, այնուամենայնիվ, պետք չէ մտածել, որ Հայաստանում բարդ իրավիճակներ կառաջանան, եւ պետք չէ արհեստականորեն նման իրավիճակներ ստեղծել: Դոլարի կուրսի ցածր մակարդակը, ինչպես նկատեց տնտեսագետը, պայմանավորված է ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին գործոններով: Ներքին գործոնները, որոնք կարող են ազդել դրամի արժեւորման վրա, բավականին քիչ են, այդ իսկ պատճառով հիմնական գործոնը արտաքինն է. «Մի գործոնն այն է, որ Չինաստանի Կենտրոնական բանկն իջեցրել է գրեթե բոլոր պահուստների տոկոսադրույքները, փողի քանակությունն ավելացրել է:

Մյուս գործոնը ԱՄՆ դաշնային պահուստի քաղաքականությունն է, ըստ որի՝ առաջիկայում կարծես թե հրաժարվում են տոկոսադրույքները բարձրացնել, այսինքն՝ դոլարի թանկացումից հետ են կանգնում որոշակի ժամանակով, քանի որ ԱՄՆ-ում 2016-ին ընտրություններ են լինելու, որից հետո նոր կտրուկ քայլերի կդիմեն: 3-րդ գործոնն էլ այն է, որ 2015 թվականի ընթացքում Հայաստանում 745 միլիոն դոլարի ներմուծում քիչ է եղել, քան նախորդ տարի էր. սա նշանակում է, որ այդքան գումար Հայաստանից քիչ է արտահոսել: Իսկ եթե Հայաստանից 745 միլիոն դոլար քիչ է արտահոսել, նշանակում է ինչ-որ իրավիճակ կա, որ տնտեսության մեջ դոլարի ավելցուկ է առաջացել, բայց Կենտրոնական բանկի պահուստներն էլ այս պահին 1 միլիարդ 625 միլիոն դոլար է, եւ եթե սա էլ դիտարկենք, մեր տնտեսության մեջ պահուստներն էլ այդքան շատ չեն եւ նվազման միտում ունեն: Տեղի է ունենում դրամի արժեւորում. սա նշանակում է՝ մեր տնտեսության մեջ դոլարը պիտի ավելանա, բայց դոլարը չի ավելանում: Մեզ մոտ դոլարը չի պակասել այն բանի արդյունքում, որ ներմուծումը քիչ է եղել: Այսինքն՝ եթե ներմուծումը մնար նախորդ տարվա մակարդակին, այս պահի դրությամբ մենք 1 միլիարդից էլ քիչ պահուստներ կունենայինք, որը շատ ավելի կվտանգեր մեր տնտեսությունը»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքերով՝ արտահանումը մնացել է նույն մակարդակին, այսինքն՝ արտահանման շնորհիվ դոլար է եկել Հայաստան, բայց կրճատվել են տրանսֆերտները. «Եվ այս բոլոր գործոններն ազդել են դոլարի արժեզրկման վրա: Չինաստանն իր քաղաքականությամբ զարգացող երկրների համար այնպիսի իրավիճակ է ստեղծել, որը որոշակի առումով հիմքեր է ստեղծել, որ դոլարը արժեզրկվի, որովհետեւ եթե համեմատում ենք նախորդ եւ այս տարվա պահուստները, Չինաստանը մոտ 500 միլիարդ դոլար է ներարկել տնտեսության մեջ, որը եւս իր ազդեցությունն է թողնում»:
Պարոն Խաչատրյանն ասաց, որ հիմա իրավիճակն այնպիսին է, որ եվրոյի գործոնով էլ է պայմանավորված դոլարի արժեզրկումը. Եվրամիության Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ տնտեսության մեջ եվրոյի քանակությունն ավելացնում են, որից հետո շուկաներն արձագանքեցին. «Մենք նկատում ենք, որ եվրոն էլ է արժեզրկվում, սա էլ է նպաստում դոլարի արժեզրկմանը»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ տնտեսագետի՝ այնպես չէ, որ մեր տնտեսություն այնքան դոլար է մտել, որի արդյունքում այն արժեզրկվում է, եւ այնպես էլ չէ, որ Հայաստանի Կենտրոնական բանկն արհեստականորեն արժեզրկում է. «ԿԲ-ն զսպողական դրամավարկային քաղաքականություն է վարում»:
Տնտեսագետն ասաց, որ Հայաստանում դոլարը պակասում է, որը հետագայում իր ազդեցությունը պիտի թողնի: Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ դոլարը կթանկանա. «Անգամ եթե ներմուծման տեմպերը վերականգնվեն, դոլարը կպակասի, եւ մենք կունենանք դոլարի, այսպես ասած, կրիզիս»:

Տնտեսագետը հիշեցրեց նախորդ տարվա դեկտեմբերը, երբ մարդիկ դոլարի թանկացումից խուճապի էին մատնվել. «Միշտ էլ բնակչությունն է ամենաշատը տուժում այդ սպեկուլյատիվ խաղերից: Անցած տարվա դեկտեմբերի իրադարձությունները նայեք ու համոզվեք, իսկ, այսպես ասած՝ հանգիստ նստողներն ավելի շահավետ վիճակում եղան»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031