Մայրաքաղաքի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանի աշակերտ, անչափահաս Մհեր Ա.-ի նկատմամբ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը պատիժը չի կիրառել, իսկ դատախազ Վահե Հովհաննիսյանը պահանջում է բեկանել, փոփոխել դատարանի՝ Մհեր Ա.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով ազատազրկումը 3 տարի ժամկետով, 2 տարի փորձաշրջանի կիրառմամբ կայացրած օգոստոսի 21-ի դատավճիռը պատժաչափի մասով, եւ Մհեր Ա.-ին մեղավոր ճանաչել նշյալ հանցագործության կատարման համար, նշանակել ազատազրկման ձեւով պատիժ` առանց փորձաշրջանի կիրառման:
Ըստ բողոքարկվող դատավճռի, դատարանը հաշվի առնելով գործի հանգամանքները, հանցանքի բնույթը եւ այն կատարելու դրդապատճառները, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաեւ` պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգել էր այն հիմնավոր հետեւության, որ վերոնշված հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ ամբաստանյալ Մհեր Ա.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար, սահմանելով փորձաշրջան: Մհերի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է նրա բնակության վայրի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը։
Անցյալ տարվա հուլիսին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Էրեբունու բաժնում՝ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց դիմած 1992թ. ծնված Արամ Խալաթյանի մասին:
Տուժողը վնասվածքը ստացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց` վիճաբանության ժամանակ։ Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցվեց քրեական գործ:
Կարդացեք նաև
Դեպքից ամիսներ հետո՝ դեկտեմբերի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացած Մհեր Ա.-ն հայտնեց, որ բժշկական կենտրոնի ավտոկանգառում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իր մոտ գտնված դանակով դանակահարել է իրեն անծանոթ 2 անձանց։ Անչափահասը ներգրավվեց որպես մեղադրյալ:
Ըստ փորձագետների, կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքը` թոքի վնասման ձեւով, տուժողի առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող։
Նախաքննության ժամանակ պարզվեց, որ երկրորդ տուժողն էլ Արսեն Բաբայանն է: Միայն այս տարվա հունիսի 1-ին նախաքննական մարմինը որոշում կայացրեց Մհեր Ա.-ի կողմից Արսեն Բաբայանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դրվագով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, քանի որ տուժողը չէր բողոքել:
Դատարանում ամբաստանյալն ուներ իր օրինական ներկայացուցիչը՝ հայրը եւ պաշտպանը՝ Արայիկ Ալվանդյանը:
Մհերն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա իր ցուցմունքում հայտնել էր, որ տուժող Արամ Խալաթյանին եւ մյուս անձանց չի ճանաչել։ Դեպքի օրը նա գտնվել է հոր աշխատանքի վայրում, որտեղից դուրս գալով՝ երթուղային տրանսպորտով ուղեւորվել է տուն։ Բժշկական կենտրոնի մոտ՝ իրենց թաղամասում, տեսել է հավաքված ջահելների։ Մոտեցել է նրանց, ցանկանալով պարզել, թե նրանց մեջ կա՞ն, արդյոք, իրեն ծանոթներից, թե՞ ոչ։ «Երբ մոտեցել է երիտասարդներին, նրանց միջեւ քաշքշուկ ու կռիվ է սկսվել, նրանք հարվածել են միմյանց, քաշքշել են նաեւ իրեն։ Ինքն էլ, պահի ազդեցության տակ եւ խառնված վիճակում, հանելով իր գրպանում եղած դանակը, հարվածել է իրեն մոտ կանգնած երկու հոգու եւ հեռացել է դեպքի վայրից։ Դանակը գցել է դեպքի վայրում։ Տեղեկանալով, որ ոստիկանության աշխատակիցները իրենով են հետաքրքրվել, հոր եւ փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին եւ խոստովանել է իր կատարածը։ Անկեղծորեն զղջում է կատարած արարքի համար»,- արձանագրվել էր դատական նիստի ժամանակ։
Վկաներից Արման Ա.-ն ցուցմունք էր տվել, որ ընկերների հեռախոսազրույցների ժամանակ տեղեկացել է, որ 2014թ. հուլիսին «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց Արարատի մարզից եկած բնակիչների հետ ոմն Գրիգորյան կռիվ է արել, որի ընթացքում իրենց բակի բնակիչ Մհերը դանակով մարդ է խփել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.10..2015