Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանում հայ քահանաները զուտ քահանայություն չեն անում»

Հոկտեմբեր 29,2015 13:00

Ըստ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, նրանք նախ եւ առաջ ազգային գործիչներ են

Վիրահայոց թեմը անբաժան մասն է Հայ առաքելական եկեղեցու, որի կենտրոնը Մայր աթոռ սուրբ Էջմիածինն է: Թեմի առաջնորդանիստը Թբիլիսիի 13-րդ դարի Սուրբ Գեւորգ չքնաղ եկեղեցին է, թեմի կազմում են նաեւ Թբիլիսիի, Ջավախքի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գտնվող համայնքները, գործող եւ չգործող եկեղեցիները: Ըստ Վիրահայոց թեմի կայքի, 2013թ. դրությամբ թեմն ունի 16 հոգեւորական եւ գործող 50 եկեղեցի:

2011 թ. Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, ըստ որի՝ Վրաստանում գործող կրոնական համայնքները կարող էին կարգավիճակ ունենալ: Արդյունքում՝ 2012 թ. մարտի 12-ին Վիրահայոց թեմը Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեեստրում գրանցվեց որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ:
Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեւակերպմամբ, իրենց թեմն առանձնահատկություններ ունի, սրբազանի խոսքով, այստեղ քահանաները զուտ քահանայություն չեն անում, նրանք ազգային գործիչներ են՝ համայնքում լիքը խնդիրներ կան: Միայն 50 000 հայ Թբիլիսիում է ապրում, իսկ ողջ Վրաստանի տարածքում՝ շուրջ 300 000: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից տեղեկացանք, որ երբ որեւէ միջոցառում են նախաձեռնում, բոլորին տեղեկացնում են սմս-հաղորդագրությունների միջոցով: Երիտասարդներն էլ կապված են եկեղեցու հետ: Միայն 100 երիտասարդ ամեն կիրակի պարի դասերի է գալիս եկեղեցուն կից գործող «Հայարտանը»: Հայ երիտասարդ զույգերը նախընտրում են եկեղեցով պսակվել, Վազգեն եպիսկոպոսը շեշտում է. «Չունենք այնպիսի պսակ, որ միայն ԶԱԳՍ-ով բավարարվեն, մեզ մոտ պսակն ու մկրտությունը շատ գեղեցիկ է արվում, զույգ քահանաներով, ամեն ինչով: Եկեղեցու ներսն են զարդարում, երգեհոն են նվագում, զանգերով ընդունում-ճանապարհում են, աղավնիներ թռցնում»:

Զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ազգայնականության դրսեւորումներին, մասնավորապես՝ 2014-ի հուլիսին մի խումբ անձանց կողմից Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա կատարված հարձակմանը:

Սրբազանը նշեց, որ ազգայնականությունն ամեն տեղ կա, բայց չի խրախուսվում առողջ մտածողների կողմից: «Հաճախ ենք հանդիպում վրաց բարձրաստիճան հոգեւորականների հետ, որոնք մտահոգված են, իրենք եւս գիտակցում են, որ մենք դատապարտված ենք եղբայր լինելու: Այստեղ ծառայելով՝ տեսնում ենք դրա կարեւորությունը, տեսնում ենք թե Վրաց աշխարհի համար ինչպես են մրցակցում թե մեծ տերությունները, թե Վրաստանի ու մեր հարեւանները: Եվ եթե խռովենք, ասենք՝ էսպես չէ, մենք էլ կկորցնենք, իրենք էլ»,- կարծում է Վիրահայոց թեմի առաջնորդը:

Նա նշում է, որ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը չի մոռանում իր մտերմությունը Վազգեն Վեհափառի հետ, հիշում է, թե Վազգեն Վեհափառն իր հանդեպ ինչ բացառիկ հարգանք ուներ: Վիրահայոց թեմի առաջնորդը փաստում է, որ ժամանակին, եթե ուրիշ կրոնապետեր Հայաստան գալիս հյուրանոցներում էին հանգրվանում, Իլյա պատրիարքը Վազգեն Վեհափառի անձնական հյուրն էր լինում կաթողիկոսարանում. «Ինքը միշտ հիշում է դա, բայց վերջին քսան տարիները անհանդուրժողականության առումով շատ նման եղան 18- 20 թթ. մենշեւիկյան Վրաստանի շրջանին: Բարեբախտաբար, կան նաեւ անհանդուրժողականությունը մերժողներ»:

Սրբազանը խոսեց նաեւ «Հայարտուն» երիտասարդական մշակութային կենտրոնի մասին, որը մի շարք ծրագրեր է իրականացնում:

Իմիջիայլոց, Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Հովհաննես Թումանյանի հիմնած «Հայ գրողների կովկասյան ընկերություն» էր վերակազմավորվել, ապա անվանվել «Հայարտուն» ու կոչվել Վահան Տերյանի անունով: Ներկայիս «Հայարտունն» էլ է աշխատում Թումանյանի ստեղծած կառույցի օրինակով: Գործում են նաեւ Թբիլիսիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա, «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցները, Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Քոբուլեթիի «Վռամշապուհ» եւ Օզուրգեթիի «Սահակ Պարթեւ» մեկօրյա դպրոցները:
Վիրահայոց թեմում եւս գործում է խոստովանահոր ինստիտուտը, Վազգեն սրբազանը տեղեկացրեց, որ ինքն էլ բազմաթիվ խոստովանազավակներ ունի: Նրա խոսքով՝ հոգեւորականի սեւ հանդերձները ոչ թե պետք է պարիսպ լինեն հոգեւորականի ու հավատացյալի միջեւ, այլ մերձեցնեն, ինչը փորձում են անել Վիրահայոց թեմի հոգեւոր սպասավորները:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031