Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մուրադյանը կպարի եւ կղեկավարի

Հոկտեմբեր 29,2015 12:00

Մշակութային մեծ հիմնարկներում, այս դեպքում՝ օպերային թատրոններում, կան վարչակազմ եւ ստեղծագործական կոլեկտիվներ (նվագախումբ, երգչախումբ, բալետային եւ մեներգիչների խմբեր եւ այլն), որոնք, բնականաբար, ունեն իրենց ղեկավարները, ասենք՝ գլխավոր դիրիժոր, գլխավոր խորմայստեր, գլխավոր բալետմայստեր եւ այլն: Ստեղծագործական խմբերն ունենում են մեկ ընդհանուր գեղարվեստական ղեկավար: Կոլեկտիվներում աշխատում են նաեւ ընդգծված անհատներ, որոնք հարգված են, նրանց խոսքն էլ կշիռ ունի բոլորի մոտ: Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս գլխավոր բալետմայստերի տեղակալ է նշանակվել բալետի ճանաչված արտիստ, պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանը, որին ներկայացնելու հարկ չկա:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Մուրադյանը իր նոր աշխատանքը կամ պաշտոնը ներկայացրեց այսպես. «Ամեն դեպքում հնարավորը, նույնիսկ անհնարը պետք է անել գլխավոր բալետմայստերին օգնելու, երբեմն էլ, նրա բացակայության ժամանակ՝ փոխարինելու համար: Այս օրերին մեր գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը ձեռնամուխ է եղել Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի բեմադրական աշխատանքներին: Ի դեպ, սա կլինի նոր, նախորդներին չկրկնող ներկայացում… Այսինքն, երբ գլխավորը րոպե չունի նույնիսկ մտածելու այլ բանի մասին, խմբին անհրաժեշտ է լինում տեղակալի մասնագիտական օգնությունը»:

Հնարավո՞ր է, որ այս պաշտոնն իրեն այնպես գայթակղի, որ ձգտի ավելի բարձրին, եւ արդյունքում հանդիսատեսն այլեւս չհանդիպի Ռուբեն Մուրադյան արտիստին: Մեր զրուցակիցն ի պատասխան՝ ասաց. «Այս մտքից ես էլ էի վախենում, ընդ որում՝ անհարմար չեմ զգում բարձրաձայն ասել, բայց ամեն դեպքում գիտակցում եմ, որ ես առաջին հերթին բալետի արտիստ եմ: Ըստ էության, պաշտոնը դա տարբերակ է, որը բացի օգնությունից ընդհանուր աշխատանքին, հաստատ վնաս բերել չի կարող»:

Հայկական բալետը ունեցել է ոսկեդար՝ այնպիսի բալետմայստերներով եւ արտիստներով, ինչպիսիք են Մաքսիմ Մարտիրոսյանը, Ֆրունզե Ելանյանը, Մարկ Մնացականյանը, Վիլեն Գալստյանը, Աշոտ Ասատրյանը, Աննա Մարիկյանը, Նադեժդա Դավթյանը, Էլվիրա Մնացականյանը… Այս ամենին գումարած՝ հաճախ էին Երեւան հրավիրվում բալետմայստերներ՝ ներկայացումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաեւ անվանի բալետի արտիստներ, այնպիսի անուններ, ինչպիսիք էին Վասիլեւը, Մաքսիմովը, Սատիրովը, Գոդունովը, Գարդեեւը, Նիկիտինան, Ռադունսկին…, ինչը չես ասի վերջին 25 տարիների մասին, բացառությամբ Յուրի Գրիգորովիչի, որը բեմադրեց «Սպարտակը»: Այս դիտարկմանն ի պատասխան՝ արտիստն ասաց. «Այո, մեր բալետն ունեցել է ոսկե շրջան, բայց չմոռանանք, որ այդ շրջանում բոլորս ապրում էինք մեկ մեծ ընտանիքում՝ Խորհրդային Միությունում… Մինչդեռ այսօր հրավեր կոչվածը առաջին հերթին «խփում» է մեր գրպանին, պարզապես դրա հնարավորությունը չունենք: Մյուս կողմից՝ նույնիսկ անհրաժեշտ են հրավերները ոչ միայն արտիստների, այլեւ հանդիսատեսի համար: Մի հարց էլ կա. վերջին շրջանում բալետային խումբը հանդես է եկել Եգիպտոսում, Քաթարում, Թուրքիայում, Ռուսաստանի քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, բայց սա բավարար չէ…»:

Ruben-Muradyan-3

Զրույցի ընթացքում Ռուբեն Մուրադյանը կարեւորեց խաղացանկի հարստացումը ոչ միայն դասական, այլեւ ժամանակակից բեմադրություններով. «Օրինակ, Վիլեն Գալստյանի մոտ մեծ ցանկություն կա հրավիրել իսկապես տաղանդավոր խորեոգրաֆ Նոյմայերին, ես շատ կուզեի, որ մեր խմբի հետ աշխատի, ասենք, Իրժի Կիրյան, բայց, ցավոք, սա դեռ երազանք է… Ցանկություն ունենք վերականգնել ժամանակին իրականացրած բեմադրությունները, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել խաղացանկից, օրինակ՝ Էդգար Հովհաննիսյանի «Անտունին», Լորիս Ճգնավորյանի եւ Մելիք Մավիսակալյանի «Տրդատ եւ Հռիփսիմեն», Մանսուրյանի «Ձյունե թագուհին», ինչու չէ՝ Չայկովսկու «Շչելկունչիկը»: Կարճ ասած՝ Վիլեն Գալստյանի հետ ուզում ենք վերականգնել այն բարի եւ արդյունավետ աշխատանքը, որ թատրոնն ունեցել է պարարվեստի ուսումնարանի հետ համագործակցության շնորհիվ»: Մեր զրուցակիցը հիշեց, որ կային ժամանակներ, երբ շաբաթական երկու անգամ պարարվեստի ուսումնարանի բարձր կուրսի ուսանողները պրակտիկա էին գալիս թատրոն. «Ես իմ ընկերների հետ սիրով էի սպասում այդ օրերին: Գալիս էինք պարապում, մեզ նկատում էին փորձավարները, հետո ընդգրկվում էինք այս կամ այն ներկայացումներում…»:

Հետաքրքրությանը, թե վերջին շրջանում որեւէ բեմադրություն, բացի մշակույթի նախարարությունից, ոչ մի պաշտոնյա կամ օլիգարխ չի՞ հովանավորել, Ռուբեն Մուրադյանն այս առիթով հայտնեց միայն Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի անունը, որը 2001թ. ֆինանսավորել է «Տրդատ եւ Հռիփսիմե» բեմադրությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031