ՕՊԵԿ հիմնադրամի՝ վարկային համաձայնագրին հավանություն կտան
2015 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ-ի եւ Միջազգային Զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ ստորագրած «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրին վաղը կառավարությունը հավանություն կտա: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է այս համաձայնագրի մասին նախագիծը, ըստ որի «Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը հաստատել է ՀՀ կառավարությանը 25 միլիոն դոլար վարկ տրամադրել, տարեկան 2.75 տոկոսադրույքով:
Այս 25 միլիոն դոլարանոց վարկավորող ծրագրով, ինչպես նշված է համաձայնագրում, նվազեցվելու է աղքատությունը Հայաստանի գյուղերում:
Իսկ գյուղերում աղքատությունը նվազեցվելու է, ըստ ծրագրի, հետեւյալ գործառույթներով՝ ա) բարձրացնել փոքրածավալ հողագործության արդյունավետությունը, նպաստել հետարտադրական գործընթացներին եւ բարձրարժեք, ապրանքային մշակաբույսերի աճեցմանը, բ) կապ հաստատել ագրո-վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների եւ աղքատ, գյուղական մանր սեփականատերերի միջեւ` վերջիններիս համար մուտքը ներքին ու միջազգային շուկաներ հասանելի դարձնելու եւ արժեշղթայի ներսում աշխատանք ունենալու հնարավորությունները մեծացնելու նպատակով, գ) նպաստել, որպեսզի գյուղատնտեսական արտադրական համակարգերը հնարավորինս քիչ ազդեցություն կրեն անձրեւի տեղումների մակարդակի տատանումներից, դ) բարձրացնել սննդի անվտանգությունը եւ դյուրավաճառ արտադրանքի որակը, ինչպես նաեւ նպաստել մարդկանց առողջության բարելավմանը` կարգավորելով տնային տնտեսություններում ջրի մատակարարումը:
Ըստ համաձայնագրի, ծրագրի բաղադրիչներն են՝ գյուղական ֆինանսավորում, գյուղական ենթակառուցվածքներ, ֆերմերների իրազեկում եւ աջակցություն, ծրագրի կառավարում: Ֆերմերների իրազեկման եւ աջակցության բաղադրիչի շրջանակում ֆերմերներին կտրամադրվի ուսուցում, գործարար եւ ֆինանսական պլանավորման, գյուղատնտեսական առաջավոր փորձի եւ տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Բացի դրանից կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ կանանց՝ տնամերձ հողատարածքներում «դեմո» ծրագրեր իրականացնելու նպատակով, որոնք ուղղված կլինեն ընտանիքի սննդապահովածության եւ բազմազանության ապահովմանը։
Գեղեցիկ է գրված, թե ինչպես կիրականացվի ծրագիրը եւ գյուղերում աղքատությունն որքանով կնվազի, ժամանակը ցույց կտա: Միայն հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ «Հազարամյակի մարտահրավերների» ֆինանսավորմամբ էլ գյուղացիների համար դասախոսություններ էին իրականացնում: 2012 թվականին Ազգային ժողովում կասկածի տակ էր դրվել ֆինանսների արդյունավետ ծախսումը, նաեւ չարաշահումների մասին հայտարարություններ էին լինում: Իսկ թե այդ դասախոսություններն ու ծրագիրն ինչ արդյունք են տվել գյուղացիներին, կամ գյուղի զարգացմանը, դժվար չէ կռահել:
Հիշեցնենք նաեւ, որ 2012 թվականին «Հազարամյակի մարտահրավերները»
2012-ին Հայաստանում փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված պահանջները՝ ճիշտ կառավարման եւ ժողովրդավարության չափանիշները»:
Բայց եթե հաշվի առնենք, որ ՕՊԵԿ-ի տրամադրած գումարը վարկ է, ապա այն դժվար թե կասեցվի,մնում է այն իսկապես գյուղերում աղքատությունը նվազեցնի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ