Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում առաջին անգամ համերգով հանդես եկավ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակը:
Հնչեցին Արամ Խաչատրյանի, Բախի, Մոցարտի, Չայկովսկու, ինչպես նաեւ Ալ. Հարությունյանի ստեղծագործություններից, որոնց փոխադրությունները կատարվել են հատուկ քառյակի համար. «Այդ գլուխգործոցները մեզ համար մշակել է Անդրանիկ Բերբերյանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ քառյակի կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը:
«Այս տարի նշում ենք մեծն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակը, դաշնակահար Լիլիթ Զաքարյանը միտք հղացավ հանդես գալ բացառիկ կազմով: Աշխարհում չկա ֆյելտա, կլարնետ, ֆագոտ եւ դաշնամուր գործիքների համադրությամբ մեկ այլ քառյակ»,-նշեց նա:
Կարդացեք նաև
«Հետագայում ողջ աշխարհի կոմպոզիտորներն այս քառյակի համար են գրելու ստեղծագործություններ, քանի որ փայտափողային գործիքների եւ դաշնամուրի համադրությամբ քառյակը միակն է: Այսօր Հարությունյանի ստեղծագործությունները հիրավի գնահատված են: Նրա «Շեփորի կոնցերտը» կատարում են ամբողջ աշխարհում»,-մեզ հետ զրույցում ասաց Ալ. Հարությունյանի դուստրը՝ դաշնակահար Նարինե Հարությունյանը:
Նա նշեց, որ Ալեքսանդր Հարությունյանը գրել է նաեւ կոնցերտներ մի շարք փողային գործիքների՝ գալարափողի, շեփորի, տուբայի համար: Հավելենք, որ հաջորդ տարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներից կազմված Ալ. Հարությունյանի անվան քառյակը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում, որտեղ կմասնակցի մի շարք փառատոնների:
Մանրամասներն ` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ