«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կկատարվեն
Կառավարությունը, երբեմն, որոշումներ է ընդունում, որով արտոնություններ է տալիս մեր երկրում գործող բիզնեսի որոշ տեսակներին, ապա որոշ ժամանակ անց, հասկանում, որ այդ արտոնություններն այնքան էլ արտոնություն չեն: Այսպիսի մի խոստովանություն է անում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ կառավարության վաղվա նիստին ներկայացվող նախագծով:
Խաչատրյանն առաջարկում է լրացում կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում: Ըստ այդմ, Գագիկ Խաչատրյանն առաջարկում է ավելացված արժեքի հարկից` ԱԱՀ-ից ազատել ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող` մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ճենականեփի (չինական եղինջ) եւ այլ բուսական մանածագործական մանրաթելերի, ինչպես նաեւ ջերմոցների իրացումը:
Խաչատրյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող օրենսդրությամբ վերնշված ապրանքների ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից, սակայն իրացումը հարկվում է ավելացված արժեքի հարկով. «Արդյունքում, այդ ապրանքների մասով օրենքով նախատեսված արտոնությունը, ըստ էության, լիարժեք չի գործում եւ հաճախ իր նպատակին չի ծառայում»:
Կարդացեք նաև
Վաղը կառավարության նիստին, ամենայն հավանականությամբ, Գագիկ Խաչատրյանի առաջարկած նախագիծը հավանության կարժանանա :
Նելլի ԲԱԲԱՅԱՆ