Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 1-ին «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղը փակեցին՝ ուղիղ 13 աշխատակիցների թողնելով բախտի քմահաճույքին: Այն միավորեցին հանրապետության երկրորդ քաղաքից 45-50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սպիտակի բաժանմունքին՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատակիցներին էլ առաջարկելով իրենց անձնական միջոցների հաշվին գնալ, աշխատել Սպիտակում:
Վերջիններս բնականաբար չհամաձայնեցին. այսօր պարզեցինք, որ 16 աշխատակիցներից ընդամենը 3-ն են շարունակում իրենց գործունեությունը, մնացածն արդեն գործազուրկ են: Նրանք մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ իրենց՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը մնացել է անպատասխան: Իրենք ցանկություն են հայտնել հանդիպել կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, հերթագրվել են, սակայն դեռ պատասխան չեն ստացել, նախարարը իրենց կընդունի՞ ուրբաթ օրը, թե ոչ: Նախարարի ընդունելության օրը ուրբաթ է, նախարարությունից խոստացել են նախապես զանգահարել ու հրավիրել, ընդ որում ոչ բոլորին, մի քանիսին:
Գործազուրկ դարձած աշխատակիցները մեզ հետ զրույցում նեղսրտած ասացին. «Այդպես էլ չհասկացանք, թե ինչո՞ւ «Հայփոստ»-ը՝ ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցը, հավատարմագրային կառավարման հանձնեցին անհատ միլիարդատերի: Հավատարմագրային կառավարման հանձնում են երկու դեպքում, երբ կառավարիչը, ձեռնարկատերը չի կարողանում ֆիզիկապես կառավարել ձեռնարկությունը, բիզնեսը, հաստատությունը, ֆիզիկապես չի հասցնում կամ հաշմանդամություն ունեցող է: Մյուս պայմանն այն է, երբ որ իրավունք չունի կառավարելու ՀՀ օրենքներով կամ Սահմանադրությամբ, ասենք դարձել է Ազգային ժողովի պատգամավոր, իրավունք չունի բիզնես ունենալու: Հիմա մեզ հետաքրքրում է, թե մեր կառավարությունը հաշմանդամությո՞ւն ունի, որ բռնեց ու հանձեց Էռնեկյանին: Նա էլ ոնց ուզի, հետներս կվարվի:
«Հայփոստ» ՓԲԸ-ի ընդամենը մեկ բաժնետոմս է մնացել ՀՀ կառավարությանը ՝ ի դեմս կապի ու տրանսպորտի նախարարության: Հասկանո՞ւմ եք՝ կոնսենսիոս կարգով չէ հանձնված կառավարման, ինչպես ասենք «Հարավ-կովկասյան երկաթուղու» պարագայում, ռուսները քիչ թե շատ ներդրումներ են կատարում այնտեղ, աշխատավարձ են բարձրացնում: Կարելի՞ է հարցնել, ի՞նչ մի ներդրում է կատարել Էռնեկյանն այստեղ, 2007 թվականից սկսած աշխատավարձ բարձրացե՞լ է: Մարդիկ նվազագույն աշխատավարձի հույսին են, թե ՀՀ կառավարությունը բարձրացրեց նվազագույն աշխատավարձը, «Հայփոստ»-ի աշխատակիցներին էլ կբարձրանա: Ընդ որում բոլորը գրեթե նույն աշխատավարձն են ստանում, այստեղ վարձատրությունը չի չափվում կատարած աշխատանքի պատասխանատվությամբ. ասենք՝ օպերատորն էլ, փոստատարն էլ, ավագ օպերատորն էլ նույն գումարը կարող են ստանալ:
Պարզաբանում են, թե «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղը միացրել են Սպիտակին, որովհետեւ Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր «Լա փոստ»-ի օրինակով լոգիստիկ նոր սխեմա են ներդրել, որպեսզի բարելավվի փոստային կապի որակը: Հարգելիներս, սա Ֆրանսիան չէ, որ փոստը կառավարվի մի տեղից: Դուք պատրա՞ստ եք այդ ծրագրին, երբ «Հայփոստ»-ի 900 բաժանմունքներից 600-ը ո՛չ համակարգիչ ունեն, ո՛չ կապ, իսկ էդ ծրագիրը օն-լայն կապով է: Էդ ինչե՞ր եք խոսում: Մեզ կրճատելու արդյունքում այնպես է աշխատանքների որակը «բարելավվել», որ մի քանի օր առաջ նպաստը ժամը 4-ից են սկսել բաժանել: Երբ Գյումրու փոստային մասնաճյուղը գործում էր, ամենաուշը փոստային բաժանմունքներում ժամը 11-ին արդեն բաժանում էին: Մենք մեկ անգամ եւս նախազգուշացնում ենք, լուծում տվեք մեր հարցին, տեր կանգնեք ձեր երկրի քաղաքացիներին, մեծ մասը 50 անց մարդիկ են, դժվար թե Գյումրիում նոր աշխատանք գտնեն, այլապես մենք էլ ճարահատյալ կլքենք երկիրը: Եվ ոչ թե 13 հոգի, այլ 13 ընտանիքներ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ