Երեկ արդեն երկրորդ անգամ հարձակման է ենթարկվել syunik.am կայքը: DDOS հարձակման պատճառով կայքն արգելափակվել է: Aravot.am-ը կապ հաստատեց կայքի խմբագիր, «Խուստուփ թիվի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանի հետ՝ պարզելու հարձակման հետ կապված մանրամասներ:
Պարոն Մանուկյանը դեռ չցանկացավ պատասխանել այն հարցին, թե դա ո՞ւմ ձեռքի գործը կարող է լինել և ո՞ր հրապարկման պատճառով՝ պատճառաբանելով, որ այժմ զբաղված են հարձակման ենթարկված կայքը, իր ֆեյսբուքյան էջն ու էլեկտրոնային փոստը վերականգնելու հարցերով. «Մի քանի օրից, երբ արդեն տվյալներ կունենամ այն մասին, թե ինչ հասցեներից են կոտրել կայքը և հարձակում գործել իմ ֆեյսբուքյան էջի ու էլեկտրոնային փաստի վրա, այդ ժամանակ կկարողանամ պատասխանել Ձեր հարցին: Այժմ չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել»:
Սասուն Մանուկյանի փոխանցմամբ՝ առաջին անգամ Syunik.am կայքը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 20-ին, հինգ օրում իրենք կարողացել են կայքը վերականգնել, սակայն երեկ կրկին այն հարձակման է ենթարկվել, ինչի արդյունքում հնարավոր չէ կայք մուտք գործել: Հարձակման արդյունքում Սասուն Մանուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել են մարմնավաճառների նկարներ, ինչի պատճառով ստիպված նոր էջ է բացել:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ