Իսկ «Նուբարաշենի» դեպքի մասին դեռ կխոսի
«Սա երկսայր սրի է նման: Իրականում ցմահ ազատազրկվածները օրինական դատավճռով դատապարտված են ծանր հանցագործություն կատարելու համար: Ես, որպես արդարադատության նախարար, կարծում եմ գնահատական տալը իրավաչափ չէ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանի հարցին:
Հարցը վերաբերվում էր քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին ընդհանրապես եւ ցմահ դատապարտվածների խնդիրներին, մասնավորապես: Հարցի առաջին մասով Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Քրեակատարողական հիմնարկների հետ կապված որոշակի չափանիշներ կան, եւ մենք որոշակի քայլեր ձեռնարկում ենք»: Արդեն դասական դարձած օրինակը, Արմավիրի քրեակատարողական հիմնարկի շինարարությունն է, որը ավարտին կհասցվի մինչեւ տարեվերջ:
Իր հարցի ընթացքում, ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ օրեր առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այցելել են քրեակատարողական հիմնարկներ, խոսել ազատազրկվածների, ինչպես նաեւ վերջիններիս հարազատների հետ:
Կարդացեք նաև
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրերս տեղի ունեցած միջադեպի առիթով էլ, որի մասին եւս հարց հնչեցրեց պատգամավորը, նախարարն ասաց, որ ծառայողական քննության ավարտից հետո ինքը հայտարարությամբ հանդես կգա:
Հիշեցնենք, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն օրերս ահազանգել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ հոկտեմբերի 23-ի երեկոյան դիմակավորված անձինք են ներխուժել, կալանավորների նկատմամբ բռնություն գործադրվել: Լուրն իրավապաշտպանին փոխանցել էին ազատազրկվածների հարազատները: Ամսի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարի հրամանագրով, դեպքի առիթով նշանակվել է ծառայողական քննություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ