Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով՝ «Ոչ»-ի ճակատում որեւէ պառակտվածություն չկա
«Չե՛ք անցկացի» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 28-ին Երեւանի կենտրոնական փողոցներում իրազեկման ակցիա էր իրականացնում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին թերթեր էին բաժանում, որով հրավիրում էին ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին, կայանալիք հանրահավաքին:
Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նման իրազեկման ակցիաները հանրահավաքի իրականացման համար կարեւոր պայման են համարում. «Բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, մարզեր ենք այցելել, այնտեղ ենք բաժանել, շրջաններում մեր ներկայացուցիչները բաժանել են տներում: Հիմա որոշել ենք այսպիսի իրազեկման երթ անենք, մարդկանց հետ քննարկենք, իրենց դիրքորոշումները ճշտենք»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ «Ոչ»-ի ճակատում որեւէ պառակտվածություն չկա. «Կա «Ոչ»-ի ճակատ, որի տակ ստորագրել են այդ կազմակերպությունները, որեւէ մեկը այդ «Ոչ»-ի ճակատից դուրս չի եկել: Բայց հիմա գիտեք՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտում ռեսուրսների սակավության խնդիր կա, այսինքն՝ քանի որ Հայաստանում այսպիսի ավտորիտար պայմաններ են, կուսակցությունները զրկված են ֆինանսական ռեսուրսներից, քանի որ ընդդիմադիր լինելը վտանգավոր է եւ այլն, եւ այլն, մեր ընդդիմադիրների մեծ մասը ունի մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների կարիք: Եվ ես բնական եմ համարում, որ այդ գիտակցությունից ելնելով այդ ուժերը միավորվում են, փորձում են ինչ-որ ձեւաչափ ստեղծել, որպեսզի իրենց ռեսուրսները համատեղեն: Շատ դրական գործընթաց է, ոչ մի խնդիր չեմ տեսնում»:
Անդրադառնալով «Նոր Հայաստանի»՝ դեկտեմբերի 1-ի հանրահավաքին՝ Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ դա նշանակում է, որ բացի «Չեք անցկացնի» նախաձեռնությունից եւս մեկ ձեւաչափ է լինելու, որը փորձելու է ակտիվացնել ժողովրդին. «Իհարկե՛, շատ լավ կլիներ, որ մինչեւ հանրաքվեն ամեն ինչ ավարտվեր, իշխանափոխություն տեղի ունենար, մենք էլ գնայինք մասնակցեինք, որեւէ խնդիր չկար: Բայց եթե մինչեւ հանրաքվեն տեղի չունենա, իրենց ակտիվացրած ժողովուրդը ավելի կնպաստի, որ հանրաքվեի գործընթացին մարդիկ ավելի ակտիվ լինեն, վերահսկողություն լինի»:
Վերջում Դավիթ Հովհաննիսյանը հավելեց, որ մի քանի օր առաջ Ուկրաինայում է եղել, այնտեղ հանդիպել է տեղ հայերին, որոնք կիսվել են իրենց մտահոգություններով. «Ում տեսնում էի ասում էր՝ Սերժն ուզում է Սահմանադրությունը փոխի, որ ինքը մնա, հա՞: Նույնիսկ Կիեւի հայերը դրա մասին տեղյակ են: Ես այստեղ ոչ թե ժողովրդին բացատրելու կարիք եմ զգում, այլ ընդամենը՝ ակտիվացնելու, որ իրենք իրենց ուժերի վրա վստահ լինեն, որ համարեն, որ իրենց մասնակցությամբ ինչ-որ բան կփոխվի, որ գան, մասնակցեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ