Մարզպետները մարզերում «Այո»-ի շտաբերն են համակարգելու
«Այո»-ի քարոզարշավի եւ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի ժամանակ մարզպետները կարող են օգտագործել վարչական լծակներն, իհարկե, հօգուտ նախագծի «Այո»-ի: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինտեթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Այո»-ի կենտրոնական շտաբի նիստին մարզերում «Այո»-ի շտաբի համակարգողներ են նշանակվել մարզպետները: ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշել է, որ մարզպետներին հանձնարարվել է աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո զբաղվել շտաբի համակարգման աշխատանքներով եւ վստահեցրել, որ պետական պաշտոնյային շտաբի համակարգող նշանակելը վարչական ռեսուրսի կիրառում չի նշանակում. «Եթե կհայտնաբերեք նմանատիպ երեւույթներ, ահազանգեք, մենք էլ միջոցներ ձեռնարկենք»:
Այս առնչությամբ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ մարզպետները հնարավորություն ունեն վարչական լծակներն օգտագործելու»:
Կարդացեք նաև
Արդյոք այդ լծակներն օգտագործելու դեպքում տվյալ պաշտոնյայի նկատմամբ օրենքով որեւէ պատիժ սահմանվա՞ծ է, Տիգրանյանն ասաց՝ «Ոչ, որեւէ սանկցիա չկա խախտում անողի նկատմամբ: «Հանրաքվեի մասին» օրենքով վարչական ռեսուրսի կիրառման արգելող նորմ ընդհանրապես չկա, այսինքն, եթե խախտում էլ արձանագրվի, դա կլինի միայն արձանագրում, պատիժ չկա, եթե նկատվի, որ վարչական ռեսուրս է օգտագործվել, օրենքը խախտվել է, պարզապես այդ մասին աղմուկ է բարձրացվելու, կասկածի տակ է առնվելու, որ հանրաքվեն անցել է հավասար պայմաններում: Հնարավոր չէ, որ մարզպետները չօգտագործեն լծակները»:
Հերքինազ Տիգրանյանն ասաց, որ «Հանրաքվեի մասին» օրենքով հայեցողական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը, օրինակ՝ մարզպետը, կարող է շտաբ ղեկավարել եւ քարոզչություն անել անգամ աշխատանքային ժամերին: Ուստի պետք է հանրային վերահսկողություն լինի՝ լրագրողները, հասարակական կազմակերպությունները, հետարքրքված մարդիկ ուղղակի ուշադրություն դարձնեն՝ երբ պաշտոնյանները «Այո»-ի քարոզարշավին են գնում են, հանդիպում համայնքի բնակիչների հետ, արդյոք ծառայողական մեքենաներն ու ասենք վառելիքը չեն օգտագործում «Այո»-ի քարոզչության համար. «Կամ երբ դահլիճներ են վարձակալում, արդյոք մարզպետարանի բյուջեից չեն գումարները դուրս գրվում, քարոզարշավի հանդիպումների ժամանակ արդյոք դասերից չկտրեցին մանկավարժական անձնակազմը, պետական աշխատողներին աշխատանքային ժամերին չբերեցին այդ հանդիպումներին»:
Տիկին Տիգրանյանն ասաց, որ դեռ 2005 թվականին, երբ նշված օրենքում փոփոխություն կատարվեց, հավանաբար դա 2005-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար են արել, որպեսզի քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնողները եւս հնարավորություն ունենան իրենց քարոզչությունը տանելու եւ ղեկավարելու շտաբներ. «Իրենց ձեռնտու օրենքով են իրենք աշխատում: Իսկ վարչական ռեսուրսի չարաշահում կլինի՞, թե՝ ոչ, ուղղակի պետք է հանրային վերահսկողություն լինի, բայց ես շատ հեռու եմ այն մտքից, որ պետական պաշտոնյաները զսպվածություն կդրսեւորեն եւ իրենց դիրքը չեն չարաշահի: Կասկածում եմ, որ ասենք Սյունիքի մարզպետի եւ մյուսների իրավագիտակցությունն այնքան բարձր է, որ չեն օգտագործի վարչական լծակները»:
Մեր այն հարցին, արդյոք, ասենք՝ Սյունիքի մարզում ընտրողները, մասնավորապես պետական ծառայողները կհամարձակվեն մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, այս դեպքում շտաբի համակարգողին հակադրվել, եւ չմասնակցել քարոզարշավի հանդիպումներին, քանի որ կարող են պարզապես զրկվել աշխատանքից, կամ այլ վտանգի առջեւ կանգնել, Տիգրանյանն ասաց, որ այո, համայնքային ծառայողը, դպրոցի տնօրենը, ուսուցիչն եւ այլ անձինք աշխատանքը կորցնելու վտանգի տակ են, եւ եթե նրանք չեն կարող հրաժարվել քարոզարշավի հանդիպումներից, ապա քվեախցիկում իրենք ազատ են իրենց խղճի առջեւ, եւ կարող են ինքնուրույն ընտրություն կատարել. «Քվեախցիկում ճնշումներ չեն լինի, ընտրողները պետք է իմանան, որ քվեախցիկում չկան տեսանկարահանող սարքեր, ինչպես որ վախեցնում էին մարդկանց, չկան հատուկ գրիչներ, որոնց ծայրին տեսանկարահանող սարքեր կան, իբր իրենց հետեւում են: Եթե անձը աշխատանք կորցնելու խնդիր ունի, եւ այդ պատճառով առեւերեւույթ կարող է ցույց տալ, որ «Այո»-ի կող՝մնակից է, բայց հոգու խորքում՝ «Ոչ»-ի, ապա քվեախցիկը միակ տեղն է, որտեղ տվյալ անձը կարող է անկաշկանդ իր ընտրությունը կատարել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ