Օրերս Հաղարծնի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած «Ոսկե աշուն» խորագրով միջոցառումը տարբերվում էր նախորդ տարիների նմանատիպ միջոցառումներից, քանի որ սա, ըստ էության, էկոլոգիական կրթությանը նվիրված յուրօրինակ դասընթաց էր: Թեման բնության պահպանությունն էր, և երեխաներն այն հանդիսատեսին մատուցեցին բեմադրության միջոցով:
Հանդես գալով կտրված ծառերի կերպարներով, երեխաները ներկայացրին ծառերի բողոքը և այդ կերպ վեր հանեցին բնապահպանական արդի խնդիրները. ծառահատում, գետերի աղտոտվածություն, աղբի վերամշակում, էլեկտրաէներգիայի խնայողություն:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, մարզի այլ համայնքների ղեկավարներ և կրթական հաստատությունների տնօրեններ: Ողջունելով դպրոցի նման նախաձեռնությունը և ելույթ ունենալով, մարզպետի տեղակալը կարևորեց էկոլոգիական կրթությունը, նշեց, որ այն պետք է սկսվի մանկապարտեզից և շարունակվի դպրոցում:
Նա առաջարկեց համագործակցել մարզի մյուս կրթօջախների հետ, լավագույն օրինակը դրանցում նույնպես տարածելու համար: Լևոն Սարգսյանն անդրադարձավ նաև Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի տարածաշրջանի վերջին տարիների համագործակցությանը, որտեղ բնապահպանության ոլորտը համարվում է առաջնահերթություններից մեկը:
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարան