«Դուք շատ եք կարեւորում Սահմանադրության անցնելը: Ինձ համար դեկտեմբերի 6-ին դուք քվեարկելու եք Ղարաբաղի հարցը: Ես, օրինակ, լուրջ կասկած ունեմ, որովհետեւ ամեն օր տեսնում եմ, թե ոնց են գովում Սահմանադրությունը, ասում են բացարձակ աբսուրդ բաներ՝ Բուքիքյոյից սկսած, որոնց հետ ես ունեմ երկարատեւ նամակագրական կապեր»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա հայտարարեց՝ «Ինձ համար այն է, որ փոխում եք Սահմանադրությունը, որ կարողանաք մի քանի շրջան զիջեք, որպեսզի նորմալ քվեարկություն լինի, որովհետեւ համարում են, որ նախագահը չի զիջելու: Ինստիտուտը պիտի փոխվի, դրա համար Ռուսաստանն էլ է ասում գոհ ենք, ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ, բոլորը: Որովհետեւ բոլորը ասում են, որ Հայաստանն է, որ պիտի տա մի 4-5 ռայոն, որպեսզի այս ռեգիոնում իբր թե խաղաղություն լինի: Մի համոզեք ինձ ձեր պառլամենտական փոփոխությունների մեջ, պառլամենտական հանրապետություն այդտեղ չկա»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա ասաց, որ «խորհրդարանական կառավարման հանրապետությունում չի լինում 138 հոդվածը, որտեղ ԱԺ-ն չի ընտրում, ՀՀ նախագահն է նշանակում ԿԲ նախագահին, դատախազին եւ այլն: Իմ խորին համոզմամբ, այդ նախագահի լիազորություններն ավելի շատ են, քան գործող նախագահինը: Բայց քանի որ դուք վախենում եք, որ չեք անցնի, բերում սարքում եք պառլամենտականի սոուսի տակ: Միայն խոսքով է ձեր մոտ կառավարությունը ստացել բացարձակ մանդատ: Տնտեսական բլոկն ընդհանրապես խայտառակություն է: Ի՞նչ գործ ունի վարչապետը լինի այո-ի շտաբի պետը, ուզո՞ւմ եք ժողովուրդը որոշի՝ թողեք թող որոշի: Իմ կարծիքով, եթե խնդիրը իսկապես Ղարաբաղի հարցի լուծումն է, Ղարաբաղի հարցի լուծումը մենք միայն հանրաքվեով պիտի անենք: Դժվար է, հեշտ է՝ պիտի հավաքվենք ժողովրդով որոշենք:
Էդ Վենետիկի հանձնաժողովը, եթե դուք իմանաք ինչ տպեր են այնտեղ աշխատում, ոնց որ հիմա Վալյուտային ֆոնդի ներկայացուցիչը, որը տնտեսագիտությունից հարյուրավոր կմ հեռու է: Մեզ մի՛ գրեք, մի՛ ասեք, թե էս մեկը գովել է մեզ: Թողեք ժողովուրդը որոշի, փոշմանելու եք, տարիներ հետո հիշելո՛ւ եք իմ այս ելույթը: Սաղ երգերը երգել էիք, մնացել էր սարի սմբուլը: Մենք լրիվ փոսի մեջ ենք, թողեք էս ժողովուրդը որոշի»:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց, որ պարոն Բագրատյանն իր կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չներկայացնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ