Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Պրոբլեմը համակարգային է

Հոկտեմբեր 28,2015 16:45

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթի քննարկման ժամանակ

Մենք համակարգային պրոբլեմ ունենք: Եվ սա կառավարության պրոբլեմն է: Անձը հաստատող փաստաթուղթը Հայաստանում միասնական չէ: Մեր քաղաքացիների մի մասը միայն նույնականացման քարտ ունի: Մի մասը ունի և այդ քարտը, և սովորական անձնագիր: Կան մարդիկ, ովքեր, այդ երկուսից բացի, ունեն նաև կենսաչափական անձնագիր: Մի մասն էլ միայն կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ունի: Մի խոսքով՝ խառնաշփոթ:

Իսկ սա արդեն համակարգային պրոբլեմ է: Ինչը նաև նշանակում է, որ մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու առումով մենք ընդհանրական՝ պետական միասնական քաղաքականություն իրականացնելու, կառավարման խնդիր ունենք: Անկախ հանրաքվեից՝ այս հարցին պետք է վերջնական լուծումներ տրվեն: Իրավիճակային լուծումները, կարկատաններով աշխատելը ամենավատ բանն է: Մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող միասնական փաստաթուղթ: Այս գործով պետք է զբաղվել այսօրվանից: Այդ մասին դեռ կխոսեմ:

Հիմա չեմ էլ ուզում այս խառնաշփոթի պատճառներին անդրադառնալ: Կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի միջազգային մրցույթի ներքին խոհանոցը, հուսանք, մի օր կբացվի:Այդ ծրագրով 10 և ավելի միլիոն դոլար է ծախսվել, որ այս վիճակն ունենանք:

Բայց հիմա մենք ունենք կոնկրետ խնդիր: Օրենքի այս նախագծով իրացնում ենք մարդու քվեարկելու սահմանադրական իրավունքը, բայց բացարձակապես չենք մեծացնում ընտրությունների հանդեպ առանց այդ էլ նվազագույն վստահությունը: Խնդիրը պետք է լինի ոչ թե մեկ, այլ երկու հարցն էլ լուծելը: Ունքը շինելու տեղ, աչքը պետք չէ հանել: Եթե մենք ճիշտ ենք ձևակերպում խնդիրը, լուծումներ միշտ էլ կգտնվեն:

Դաշնակցությունը գրավոր առաջարկել է, որ նույնականացման քարտ ունեցողներին տրվի նաև համապատասխան տեղեկանք քարտի համարով, որը կկնքվի և կմնա ընտրական տեղամասում: Մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք պարտավոր են լուծել պատկան մարմինները: Տարբերակ է նաև 180 հազարին 9-րդ ձև տալը կամ մատը թանաքոտելը:

Լևոն Զուրաբյանը այստեղ խելամիտ վարվեց: Բնականաբար իրավունք չունենալով խոսել Դաշնակցության անունից՝ զգուշորեն մի բան ակնարկեց: Այո, Դաշնակցությունը արդար քվեարկություն ապահովող ցանկացած մեխանիզմի կողմնակից է: Լավ է, որ գոնե սա ընդունում են:

Մենք հսկայական միջոցներ ենք ծախսել տեղեկատվական միասնական բազաներ ձևավորելու համար: Եթե դրանք չեն գործում, գտեք մեղավորներին: Այլապես եթե օրը երեք անգամ էլ Օվիր-ի պետ փոխեք, հարցերը մնալու են:

Եվ պետք չէ ընտրությունների հանդեպ վստահելիությունը անընդհատ վերագրել քաղաքական ուժերին՝ վերահսկեք, թույլ մի տվեք խախտումներ անել: Համապետական ընտրությունների համար պետք է պատասխանատվություն կրի պետությունը: Սա մենք պետք է նկատի ունենանք նոր ընտրական օրենսգիրքը մշակելիս:

Կարծում եմ՝ մեր առաջարկությունը այս պահին լուծում է խնդիրը: Բայց մեծ հաշվով սա փուլային ելք է:

Այսօրվանից մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ մինչև հաջորդ համապետական ընտրություններ մեր բոլոր քաղաքացիները ունենան անձը հաստատող միասնական փաստաթուղթ: Դա կարող է լինել նույնականացման քարտը: Պետությունը պետք է բեռի մի մասը իր վրա վերցնի և բոլորին հատկացնի քարտ: Վստահ եմ՝ գումար կգտնվի այդ նպատակի համար: Սա էլ հնարավորություն կտա անցնել քվեարկության ժամանակակից էլեկտրոնային համակարգի և, վերջապես, նորմալ ընտրություններ անցկացնել: Երկրի բնականոն զարգացման միակ ճանապարհը սա է:

28 հոկտեմբեր 2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031