«Ես իմ բնույթով կոնֆլիկտային անձ չեմ, համերաշխություն ու կամուրջներ կառուցող մարդ եմ, ես թիմային խաղացող եմ, և անհնար է, որ ես իմ քաղաքական գործընկերների հետ ունենամ վատ հարաբերություններ: Իսկ վարչապետի հետ ունեմ թե մարդկային, թե աշխատանքային ջերմ հարաբերություններ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովն ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների նախընտրական շտաբում եւ քարոզչությանն էլ մասնակցելու է: Ընդ որում՝ «ակտիվորեն»: Այսպես է նա պատասխանում հարցին՝ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Դուք ընդգրկված չեք սահմանադրական բարեփոխումների նախընտրական շտաբում ու պատճառն էլ «Այո»-ի շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ վատ հարաբերություններն են:
Թե ո՞րն է լինելու իր աշխատանքի ուղղությունը՝ Էդուարդ Շարմազանովը դեռ չգիտի. «Կաշխատեմ այն ուղղությամբ, որը կառաջարկեն կուսակցության նախագահն ու գործադիր մարմինը»: Հստակեցումներ, ինչպես նաեւ մարզային հանդիպումների գրաֆիկը, «Այո»-ի շտաբն, ամենայն հավանականությամբ, կորոշակիացնի առաջիկա հանգստյան օրերին կայանալիք նիստերում:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ԱԺ փոխնախագահն արձագանքեց, որ Հանրաքվեի մասին օրենքով չի արգելվում, որպեսզի պետական պաշտոնյաները զբաղվեն նաև այդ աշխատանքով: «Մենք օրենքի շրջանակներում են գործելու»,-ասաց նա՝ հավելելով, որ նախ եւ առաջ իշխանություններն են շահագրգիռ՝ հանրաքվեի ժողովրդավարական չափանիշների եւ լեգիտիմության համար: Հենց դա է ԱԺ փոխխոսնակը համարում հիմնական պատճառը, որ Մադրիդում, նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային կառույցներին կոչ արեց՝ հետեւել գործընթացին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ