Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են հանրաքվեի օրը փոխել. Դեկտեմբերի 7-ին մարդիկ պետք է գնան գերեզմանոց

Հոկտեմբեր 28,2015 16:23

«Ասում են՝ ժամանակի խնդիր է: Լավ պատճառ է: Օրեր առաջ գյումրեցիները իրենց մտահոգությունն էին հայտնում՝ լավ, արդյոք ճի՞շտ է ընտրված ամսի 6-ը: Աղետալի երկիր է, երկրաշարժ է եղել, ամսի 7-ին բոլորը գնում են 28 հազար անմեղ զոհերի հիշատակը հարգելու»,- Ընտրական օրենսգրքում եւ Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ-ի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա հարցրեց. «Աղետի գոտին ունի շուրջ 400 տեղամաս, 3000 հանձնաժողովի անդամ: Ամսի 7-ին պետք է ամփոփեն արդյունքները: Սա լավագույն պատճառն է, որպեսզի մենք կարողանանք քվեարկության օրը հետաձգենք, հետաձգենք գործընթացը: Ես ընտրական հանձնաժողովների ցանկն եմ պատրաստում, հանձնաժողովի անդամները ինձ հարցնում են՝ մենք ընտրական գործընթացին ո՞նց մասնակցենք, պետք է գնանք գերեզմանոց հաջորդ օրը: Եկեք գտնենք լուծումը, հո քարի վրա գրվա՞ծ չի»:

Նա ասաց, որ իրենք կողմ էին Տիգրան Ուրիխանյանի նախագծին, որը եթե անցներ՝ նույնականացման քարտերի խնդրին լուծում կտրվեր. «Ոչ թե լրատվության, քաղաքական դաշտում չոչ անողները եզը վերցնեն, տակը հորթ ման գան եւ փորձեն բախումներ ստեղծեն: Պարոն Ուրիխանյան, հուսով եմ, դուք էլ դրան կանդրադառնաք ու հերթական անգամ երազախաբ կանեք այն գործիքներին, որոնք արդեն ժանգոտվել են եւ չեն կարող ընդդիմության դաշտում համագործակցող քաղաքական գործիչների մեջ սեպ խրել»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Շատ բոցաշունչ ելույթ էր, բայց հանրապետության նախագահի հրամանագիրն արդեն եղել է, եւ այստեղ իրավաբաններ կան, կասեն, որ մենք՝ ԱԺ-ն չի կարող փոխել օրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031