«Ազատ, արդար ընտրությունները պետք է ապահովի կառավարության ղեկավարը՝ վարչապետը, որը նաեւ շտաբի պետն է: Շատ լավ կլիներ, որ նաեւ ինքը պատասխաներ այս հարցերին կամ որեւէ մեկը, որպեսզի մենք ավելի հստակ պատասխաններ լսեինք: Դուք ընտրական պրոցեսի փորձի պակաս ունեք, դրա համար չգիտեք, որ ինչի ասես չեն դիմում՝ իրենց նպատակներին հասնելու համար»,- ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնականացման քարտերով քվեարկելու ՀՀԿ-ի նախագծի քննարկման ժամանակ ասաց հարակից զեկուցող Վահրամ Մկրտչյանին:
Նրան օգնության հասավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով, որ «Ազատ արդար ընտրությունները ապահովելու պարտավորությունները շտաբի պետ Աբրահամյանի պարտավորությունը չի, դա պարտավորությունն է բոլոր քաղաքական ուժերի, որոնք մասնակցում են ընտրություններին: Եթե ուզում եք իմանալ,թե այս հարցերին ով պիտի պատասխանի, այս հարցերին պատասխանողը ԿԸՀ-ն է, ոչ թե Աբրահամյանը»:
Ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, ունենք բավականին բարդ իրավիճակ: Մի կողմից մոտ 554 հազար քաղաքացիներն են, ովքեր ունեն նույնականացման քարտ, մյուս կողմից՝ մեր ավանդական մշակույթն է՝ անցկացնել ընտրություններ այնպիսին, ինչպիսին անցկացվում է միշտ անկախությունից հետո՝ 1-2 բացառությամբ. «Մենք իրավունք չունենք քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներին զրկել այդ իրավունքից, բայց հասկանում ենք, որ այստեղ գրեթե ոսկերչական մակարդակի հասցված ընտրական մեխանիզմներում նույնականացման քարտով քվեարկելը ընտրակեղծարարության տեղ է թողնում: Բոլորիս աչքի առաջ են եղել բազմաթիվ ընտրություններ եւ գիտենք, թե հայ ընտրակեղծարար միտքն ինչի է ունակ: Մենք երեկ չիմացանք, որ պետք է հանրաքվե տեղի ունենա»:
Ըստ նրա, դրոշմակնիքն էլ հարցի լուծում չէ. «Միամիտ մարդ չկա: Բայց պիտի գտնվի ինչ-որ մեխանիզմ՝ վստահության գործակիցը ընտրական գործընթացի հանդեպ ավելացնելու համար: Ամեն ինչ հնարավոր է շրջանցել, եթե նույնիսկ ժամանակ լիներ եւ սարքեր դրվեին, որոնք կկարդային նույնականացման քարտերի տվյալները տեղամասում, ես վստահ եմ, որ այդ սարքերի դեմ անտիվիրուսը անպայմանորեն կգտնվեր դրանք եւս շրջանցելու համար: Կա՞ նպատակ անցկացնելու ազատ ընտրություններ, թե՞ չկա: Սա է հարցը, իսկ մնացածը լիրիկայի ժանրից է»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մատների թանաքոտման վերաբերյալ վերապահում ունի, բայց դա ոչ ծախսատար եւ արագ ներդրվող մեթոդ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ