«Երկրաշարժից մոռացվածները» մարսելահայերի ֆեյսբուքյան խումբն (“Les Oubliés du Séisme-Solidarité Facebookianne”) իր հերթական բարեգործական ակցիան այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ուղղեց 1988թ. կործանարար երկրաշարժից տուժած Սպիտակ քաղաքին, հատկապես որևէ եկամտի աղբյուր չունեցող, ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող տարեց մարդկանց:
Ակցիայի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 22-ին միության անդամներ Ժիլբեր Դերդերյանը, Կոկո Բաբայանը և Հրաչյա Ասլանյանը այցելեցին Սպիտակի 10 մեծահասակ կարիքավոր անձանց, որոնք բնակվում էին իսկապես ծայրաստիճան անմխիթար վիճակում գտնվող տնակներում:
Անսպասելի էր այս տատիկների և պապիկների բերկրանքը, երբ տեղեկացան իրենց այցելուների և նրանց գալու նպատակի՝ 200-ական եվրոյին համարժեք գումար պարունակող ծրարներ` որպես աջակցություն տրամադրելու մասին, քանի որ վերջիններիս ապրելու միակ միջոցը իրենց ամենամսյա չնչին թոշակն էր:
Կարդացեք նաև
«Երկրաշարժից մոռացվածները» խմբի անդամները հավաստիացնում են, որ իրենց այս բարեգործական ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, և այսուհետ ևս իրենց աջակցությունը կուղղորդեն թե 1988թ. երկրաշարժից տուժած Հայաստանի մյուս կարիքավոր ընտանիքներին և թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի այն բնակիչներին, ովքեր տուժել են թշնամու գնդակոծություններից:
Մամլո հաղորդագրություն