Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. Նույնականացման քարտերով քվեարկությունն իր մեջ պարունակում է լրջագույն ռիսկեր

Հոկտեմբեր 28,2015 15:39

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի քննարկման ժամանակ

Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունը ոչ միանշանակ է ընդունվել թե՛ խորհրդարանական խմբակցությունների և թե՛ հասարակության կողմից: Ակնհայտ է, որ նույնականացման քարտերով քվեարկությունն իր մեջ պարունակում է լրջագույն ռիսկեր և կարող է կասկածի տակ դնել հանրաքվեի ամբողջ գործընթացը:

Հիմնավորեմ ասածս:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում նույնականացման քարտ ունի շուրջ 550.000 մարդ, որոնցից մոտ 183.000 մարդ ունի միայն նույնականացման քարտ: Բնական է, որ չի կարելի նրանց զրկել իրենց ընտրական իրավունքից: Մյուս կողմից, սակայն, դա կարող է պարարտ հող ստեղծել հնարավոր կրկնակի քվեարկության համար նույն անձին պատկանող անձնագրով և նույնականացման քարտով, քանի որ, ի տարբերություն անձնագրերի, նույնականացման քարտերում չի նշվում անձի գրանցման հասցեն, ինչի շնորհիվ մարդը կարող է հեշտությամբ գրանցվել տարբեր ընտրատեղամասերի ընտրողների ցուցակներում և մի քանի տեղ մասնակցել քվեարկությանը: Բացի այդ, հիմքեր կան ենթադրելու, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն միայն նույնականացման քարտ, նույնպես այդ նույն մեխանիզմով ենթադրաբար կարող են բազմակի քվեարկություն իրականացնել:

Շատ խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ նույնականացման քարտերի վրա հնարավոր չէ դրոշմակնիք դնել, ինչը բավականին արդյունավետ ձևով կարող էր կանխարգելել նույն անձի կողմից մի քանի անգամ քվեարկելը: Միաժամանակ նախագծով որևէ էլեկտրոնային տեխնիկական լուծում չի առաջարկվում, որով ընտրական հանձնաժողովի անդամը հնարավորություն կստանար տեխնիկական սարքի օգնությամբ նշում անել նույնականացման քարտի վրա, որով կբացառվեր նույն ընտրողի կողմից այլ ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցելը:

Ընդ որում, կարելի է տրամաբանական կապ տեսնել այս օրենսդրական նախաձեռնության և ընտրողների հրապարակված ցուցակների միջև: Ոստիկանության ներկայացրած ցուցակներում պաշտոնապես նշված է 2 միլիոն 548 հազար 654 ընտրող: Ահագնացող արտագաղթի պայմաններում միայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների նման մեծ թիվը վիճելի է և կասկածի տեղիք է տալիս: Եթե սրան ավելացնենք, որ ընտրությունից ընտրություն ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը պարբերաբար շահարկվում է ընտրությունների դրական արդյունքների ապահովման նկատառումով, ապա պատկերը պարզվում է:

Հարկ է նշել նաև, որ այս նախագծի հապճեպ և հանրաքվեից ընդամենը շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովին ներկայացնելը զեկուցողի կողմից որևէ կերպ չհիմնավորվեց: Ինչն էր խանգարում նման զգայուն հարցի վերաբերյալ օրինագիծը պատգամավորների դատին ներկայացնել ավելի շուտ, որպեսզի հնարավոր լիներ այս հարցն առավել մանրամասն և, ըստ էության, քննարկել: Այս հարցադրմանը որևէ տրամաբանական հիմնավորում չներկայացվեց: Իհարկե, որոշ առումով ճիշտ է այն հակադարձ մեղադրանքը, որ մյուս խմբակցությունները ևս կարող էին հանդես գալ այս նախաձեռնությամբ: Բայց չէ որ սահմանադրական փոփոխություններն ու հանրաքվեն Հանրապետական կուսակցության նախաձեռնությունն են, և հանրաքվեի գործընթացի օրինականության երաշխավորը, նախ և առաջ, իշխող կուսակցությունն է: Հետևաբար` հանրաքվեի օրինականության ապահովմանը միտված վերահսկողական մեխանիզմներ առաջարկելու առաջնային պարտավորությունը Հանրապետական կուսակցությանն է:

Քննարկման ընթացքում խմբակցությունների կողմից եղան բազմաթիվ գործնական առաջարկներ, որոնց ընդունումը նկատելիորեն կբարելավեր ընտրական ամբողջ գործընթացի թափանցիկությունը: Օրինակ՝ առաջարկվեց կիրառել մատների թանաքոտման մեխանիզմը, ընտրական հանձնաժողովներին ուղարկել նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների ցուցակները՝, ըստ ընտրատարածքների, քաղաքացիներին տրամադրել տեղեկանքներ, որոնց վրա հնարավոր կլինի դրոշմակնիքներ դնել և այլն:

Հուսով ենք, որ այդ առաջարկները հաշվի կառնվեն և կընդգրկվեն օրինագծի վերջնական խմբագրության մեջ:

Ընդհանրապես մինչև հիմա համապետական ընտրությունների և հանրաքվեների արդյունքները եղել են խիստ վիճահարույց, ցածր է եղել ամբողջ ընտրական գործընթացի որակը: Այդ իսկ պատճառով հասարակությունը մեծ անվստահություն ունի ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Նման հասարակական տրամադրությունները ստեղծում են խորը ապատիկ վիճակ, կոտրվում է քաղաքացիների հավատը սեփական կարևորության և վաղվա օրվա հանդեպ: Օրինագծի ընդունումը, առանց նոր երաշխիքների սահմանման, որևէ կերպ չի նպաստի ընտրությունների նկատմամբ հանրային անվստահության մթնոլորտի հաղթահարմանը:

Գալիք հանրաքվեի կարևորությունը դժվար է գերագնահատել, քանզի Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվելու դեպքում այն մեծ նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա զարգացման համար: Սակայն Սահմանադրական փոփոխությունները կարող են ծառայել իրենց նպատակին, եթե ժողովուրդը վստահություն ունենա հանրաքվեի գործընթացի նկատմամբ: Այլապես, եթե չհավատաց հանրաքվեի արդյունքներին, Սահմանադրությունը չի ունենա անհրաժեշտ լեգիտիմություն: Միաժամանակ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում փոփոխված Սահմանադրությունը պետք է իրապես կենսագործվի և չմնա թղթի վրա, որպեսզի չարժանանա գործող Սահմանադրության ճակատագրին, այսինքն` չդառնա առոչինչ փաստաթուղթ:

Շատ կարևոր է, որ ժողովուրդը հավատա, որ ինքը գործոն է իր երկրում, իր ձայնը որոշիչ է պետության զարգացման հետագա ուղին որոշող կարևորագույն փաստաթղթի՝ Սահմանադրության ընդունման հարցում. դա որակապես կփոխի Հայաստանի ներքին իրավիճակը, հիմքեր կստեղծի երկրի կայուն զարգացման համար:

Հետևաբար` ժողովրդի հավատը վերականգնելու և ամեն ինչ նոր էջից սկսելու միակ ճանապարհը ազատ, արդար և թափանցիկ հանրաքվեի անցկացումն է, որի արդյունքները վիճահարույց չեն լինի և ընդունելի կլինեն հասարակության բոլոր շերտերի համար:

Պետք է ընտրությունների նոր մշակույթի հիմք դնել և առհավետ մերժել անարդար ընտրությունների գաղափարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031