Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի ընկերությունն այս տարի ավելի քիչ հարկ է վճարել

Հոկտեմբեր 28,2015 15:25

ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս տարվա առաջին ինը ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Ըստ այդմ` Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 515,4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարած հարկերն ավելացել են 11,2 մլրդ դրամով (կամ 2,2 տոկոսով)։

Մի քանի ուշագրավ հանգամանք նախարարության հրապարակած ցուցանիշներից: Ինչպես առաջին կիսամյակի, այնպես էլ ինը ամիսների տվյալներով` նկատելի է խմիչքների արտադրության ոլորտում գործող ընկերությունների հարկային պարտավորությունների նվազումը։ Aravot.am-ը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից հետաքրքրվեց` սրա պատճառը կարո՞ղ են լինել ռուսական շուկա խմիչքների արտահանման հետ կապված դժվարությունները: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ընդհանրապես խմիչքների շուկան դժվարություններ ունի: Արտահանման ծավալները դեպի Ռուսաստան որոշակի առումով կրճատվել են, և այդ ցուցանիշն իր ազդեցությունը կրած կլինի: Բնականաբար, եթե արտահանման շուկան որոշակի առումով կորցնում ենք, ազգային մուտքերն էլ են պակասելու»:

Ըստ տարվա առաջին ինը ամիսներին գրանցված ցուցանիշների`կտրուկ ավելացել են Որոտանի կասկադի վճարած հարկերը։ Նախորդ տարվա ընդամենը 2,3 մլրդ դրամի դիմաց այս ընկերությունը տարեսկզբի ինը ամիսներին պետական բյուջե է փոխանցել 16,7 միլիարդ։ Տնտեսագետից հետաքրքրվեցինք` այս փոփոխությունը պայմանավորված է ընկերության գործունեության ծավալների աճո՞վ, թե՞ օտարման հանգամանքով: Նա պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ` օտարմամբ է դա պայմանավորված: Չեմ կարծում, որ գործունեության ծավալները միանգամից ավելացրել են, գուցե գնելուց առաջ որոշակի աուդիտ են անցկացրել, բացահայտել թերություններ, որի արդյունքում ազգային մուտքերն են ավելացել»:

Կտրուկ աճել են ՀՀ երբեմնի ամենախոշոր հարկատուի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարները։ Ընկերությունը վերադարձել է խոշորների ցանկի երկրորդ հորիզոնական: Տնտեսագետն այս աճը պայմանավորում է ծավալների աճով:

Չնայած ֆինանսական խնդիրներին` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վճարված հարկերի մեծությամբ հայտնվել է խոշոր հարկատուների առաջին հնգյակում։ Վերջինս փոխանցել է ավելի քան 13,7 մլրդ դրամ, ինչը 4 միլիարդով (կամ 41 տոկոսով) ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարված հարկերի համեմատ։

Պարոն Խաչատրյանից հետաքրքրվեցինք` այդ ինչպե՞ս են նման ցուցանիշներ գրանցվել այն դեպքում, երբ բազմիցս հայտարարվեց, որ ՀԷՑ-ը վնասով է աշխատում: Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Բնակչությունը սպառում է էլեկտրաէներգիա և վճարում դրա համար: ՀԷՑ-ը նույն ծավալներով է ծառայություններ մատուցում, այնպես չէ, որ կանգնեցրել է ծառայությունների մատուցումը: Իսկ վնասով աշխատելը կապ չունի հարկային պարտավորությունների հետ: Վնասը ձևավորվում է հարկային պարտավորությունները կատարելուց հետո, այսինքն` վճարում է իր հարկային պարտավորությունները, այնուհետև պարզ է դառնում` վնասով է աշխատել, թե` ոչ:

Հետաքրքրական է նաև այն, որ նվազել են ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սամ-Սեր Գրուպ» ընկերության վճարած հարկերը։ Այս տարեսկզբի ինը ամիսներին այն կատարել է 2,3 մլրդ դրամի հարկային պարտավորություն, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության վճարները գերազանցել էին 2,6 միլիարդը։ Aravot.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված Սամվել Ալեքսանյանի` հարկային պարտավորությունների ծավալների նման անկումը, պարոն Խաչատրյանը գերադասեց չպատասխանել` նշելով, որ տվյալների չի տիրապետում, մանավանդ, երբ հարցը քաղաքական ենթատեքստ ունի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031