«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում էլ ավելի է մեծացնում Ռուսաստանի դիրքերը Հայաստանում»,- հոկտեմբերի 28-ին «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Ըստ նրա՝ ակամայից Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանին ներքաշի այդ խնդրի մեջ: Նա օրինակ բերեց, երբ հոկտեմբերի սկզբին Ռուսաստանը խախտեց ռուս-սիրիական սահմանը, ի պատասխան՝ մարդատար թուրքական ուղղաթիռները 2-4 խախտել են Հայաստանի օդային տարածքը. «Դա նշանակում է, որ Թուրքիան Հայաստանը դիտում է որպես Ռուսաստանի անվտանգության համակարգի մաս: Եվ խախտելով հայ-թուրքական օդային տարածքը, ինքը ցանկանում էր տեսնել, թե Ռուսաստանը ինչ քայլերի կդիմի: Եվ մենք տեսանք, որ եթե քայլերի էլ դիմել են, ապա հասարակությունը դրա մասին բացարձակ տեղեկություն չունեցավ: Ասում են՝ իբրեւ թե հատուկ զգուշացրել են, ռազմական ինքնաթիռներ են օդ բարձրացրել Էրեբունի օդանավակայանից, բայց ո՛չ դիվանագիտական, ո՛չ այլ որեւիցե այլ արձագանք մենք չտեսանք ո՛չ Ռուսաստանի Դաշնության, ո՛չ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից: Եվ ես գտնում եմ, որ մենք շատ զգոն պետք է լինենք, որովհետեւ տարածաշրջանում իրավիճակը իրոք շատ վտանգավոր է, առավել եւս մոտակա օրերին Թուրքիայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ թուրքերը ամեն ինչի ընդունակ են իրավիճակը ավելի սրելու առումով»:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանի դիրքերի հզորանալը Հայաստանի համար շատ կարեւոր է, քանի որ Հայաստանը մեծ խնդիրների մեջ կարող է խաղաքարտ դառնալ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ