Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի համանախագահ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կարեւոր է փախստականների հարցը». APA

Հոկտեմբեր 28,2015 14:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն Ադրբեջան այցելության ընթացքում այսօր հանդիպել են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովի հետ. տեղեկացնում է «Apa» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Սաֆարովը հայտարարել է, թե իր ղեկավարած կառույցը հույս ունի, որ Մինսկի խումբն արդար մոտեցում կցուցաբերի. «Ցավոք սրտի, Մինսկի խմբի գործունեությունն արդյունք չի տվել: Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ դուք եւ ձեր ներկայացրած երկրները կավելացնեն ջանքերը եւ արդարությունը, վերջապես, կվերականգնվի ու ադրբեջանցիները կվերադառնան «իրենց հողերը»: Ադրբեջանը ձգտում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորել»:

Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել. «Այսօր ավարտվում է մեր այցելությունը տարածաշրջան: Հայաստանում մենք քննարկել ենք քաղաքական գործընթացները, շփման գծում լարվածության աճը եւ հումանիտար համագործակցության կազմավորման հարցերը: Մենք հույս ունենք, որ նախագահները շուտով կհանդիպեն»:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, թե նրանք տեղեկացված են, որ վերջին 20 տարիները շատ դժվար են եղել ադրբեջանական համայնքի համար. «Բաքու կատարած մեր վերջին այցելության ընթացքում մենք հանդիպել ենք բռնի տեղահանվածների հետ: Մենք եղել ենք նրանց ընտանիքներում եւ տեսել ենք, թե ինչքան շատ են նրանք ցանկանում վերադառնալ իրենց հայրենիք: Այդ հանդիպումը մեզ շատ է տպավորել: Ես Երեւանում ասել եմ, որ մինչեւ չլուծվի տեղահանվածների հարցը, մինչեւ նրանք չվերադառնան իրենց հողերը, բազմակողմ լուծման հասնելն անհնար կլինի: Մենք դա նշում ենք նաեւ նախագահների եւ նախարարների հետ հանդիպումներում»:

Ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրյուն էլ հավելել է, որ նրանք հասկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում փախստականների հարցը. «Մենք այս հարցը քննարկում ենք յուրաքանչյուր հանդիպման ընթացքում: Կարմիր խաչի հետ հանդիպմանը մենք առաջարկել ենք պարզել Ղարաբաղի պատերազմում զոհվածների թիվը: Այս գործընթացը տեղի է ունենում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031