ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դեռ չի գտել սահմանադրական փոփոխություններին ոչ ասելու տրամաբանությունը: «Ուզում եմ հասկանալ՝ ինչ հիմքով են ոչ ասելու, հստակ չեմ գտել ոչ մի հիմնավորում: Ինչո՞ւ են ոչ ասում, որովհետեւ ընդդիմությանն ավելի շատ տե՞ղ ենք տալիս, որ ժողովրդին լիազորությո՞ւն ենք տալիս, որ խորհրդարա՞նն է վերցնում իշխանությունը: Թե քանի որ մի քանի պրոֆեսոր որոշ հոդվածներում ինչ-որ բառեր չեն հավանել: Դա հիմք չէ ոչ ասելու»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:
Նա հորդորում էր բոլորին՝ այո ասել փոփոխություններին. «Որովհետեւ դա երաշխիք է պետության զարգացման համար, ժողովրդավարության ամրապնդման ու իշխանությունների տարանջատման համար:
Մենք ավելի լայն հնարավորություններ ենք տալիս ընդդիմությանը նաեւ կարեւոր պաշտոնների ընտրությանը մասնակցելու, ավելի խորը իմաստ է ընդունել Սահմանադրության նախագծում մարդու իրավունքների խնդիրը»:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ ասաց, որ ճարահատյալ է սահմանադրական փոփոխություններին այո ասելու: Ինչու ճարահատյալ, որովհետեւ, ըստ նրա, առաջարկվող փոփոխությունները գործողից շատ ավելի լավն են. «Գործող Սահմանադրությունն այնքան վատն է, որ նույնիսկ մի փոքր փոփոխությունն էլ արդեն մեծ առաջընթաց է, «ոչ» ասելու որեւէ ռեալ հիմք չկա»:
Կարդացեք նաև
Պարոն Սադոյանը դժգոհեց, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել նախագծում: Ասաց՝ առաջարկել էին երկրորդ պալատ ստեղծելու գաղափարը: Այն այլընտրանք էր լինելու ԱԺ-ին:
ՀՀԿ-ական պատգամավորն էլ առաջարկեց առաջարկել հանրային խորհրդի լիազորությունները ավելացնել, թող հանրային խորհուրդը նաեւ դրանով զբաղվի:
Պարոն Սադոյանը նաեւ յուրովի բացատրեց սահմանադրական փոփոխությունները մերժող քաղաքական ուժերին. «Մարդակենտրոն կուսակցություններ են ԲՀԿ- Գագիկ Ծառուկյան, հեռվից Ռոբերտ Քոչարյան, նույնիսկ Պարույր Հայրիկյան: Մարդիկ, որոնք ամբողջ կյանքում երազել են դառնալ թագավոր, առաջին դեմք, փոխվում է Սահմանադրությունը, այդ մարդկանց երազանքը, կյանքի նպատակը ցնդում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ