Երեկ ադրբեջանական կողմից գնդակոծություն էր գրանցվել այն պահին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները դիտարկում էին իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում: Դիտարկման ավարտին արդեն՝ ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել: Երեկոյան ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է կատարվածին`նկատելով, որ դա անթույլատրելի է: Ընդ որում, Ջեյմս Ուորլիքն էլ հստակ հայտարարել էր, որ կրակոցներն ադրբեջանական կողմից են եղել:
Այս ամենից հետո ի՞նչ հայտարարություն պետք է ակնկալել համանախագահներից`Aravot.am-ի հարցին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ վերջին իրադարձություններից հետո, իր գնահատմամբ, համանախագահող երկրների մոտեցումը բավական փոխվել է. «Մինչ այդ անընդհատ հավասարության նշան էր դրվում` Հայաստան-Ադրբեջան, սահմանային խախտումներ, ագրեսորներ եւ այլն: Երկու պետությունների միջեւ հավասարություն էր դրվում: Դա մեզ անհանգստություն էր պատճառում եւ բազմիցս կոչ էինք անում եւ հորդորում էինք, որ համապատասխան ուսումնասիրություններ կատարվեն եւ հանեն այդ հավասարության նշանը`տեսնեն ովքե՞ր են ագրեսորները, ովքե՞ր տեռորիստները, որովհետեւ վերջին ակտերը նաեւ կարելի է վերագրել որպես տեռորիստական»: Մեր զրուցակիցը նկատի ունի խաղաղ բնակչության վրա ուղղված կրակոցները:
Ըստ նրա, հայկական կողմի հորդորները կարծես տեղ են հասել եւ համանախագահների այս այցն էլ բնավ պատահական չէր: Նա նկատում է, որ միջազգային ատյանների վերջին ելույթներում համանախագահողների կողմից ագրեսորի սլաքն ուղղվում է դեպի Ադրբեջան:
Իսկ կատարվածը, ըստ մեր զրուցակցի, ադրբեջանական կողմից հավանաբար բողոքի ակցիա էր`ուղղված համանախագահների ԼՂՀ այցելությանը: «Սա անարձագանք չի մնալու: Մոտ ժամանակներս, կարծում եմ, ականատես կլինենք»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ