Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը գթաց խոշոր չափերի դրամ եւ ոսկեղեն գողացած տանկային վաշտի հրամանատարին

Հոկտեմբեր 28,2015 13:50

Գյումրի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գոռ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զրահատանկային գումարտակի տանկային վաշտի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2015թ. ապրիլի 27-ին,ժամը 02.30-ի սահմաններում ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Գայանե Վարդանյանի բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափերով՝ շուրջ 230 հազար դրամ եւ 500 հազար դրամ արժողության ոսկյա զարդեր:

Բացի այդ, 2015թ. հունիսի 30-ին, ժամը 20-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում նա խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ եւ 158-րդ հոդվածների համաձայն հանդուրժողականություն եւ զսպվածություն դրսեւորելու, զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, ինչպես նաեւ զինվորական հարգանքի եւ վարքի կանոնները պահպանելու փոխարեն զորամասի զինավանի սպայական աշխատասենյակում անհիմն վիճաբանության մեջ է մտել նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Էդվարդ Թադեւոսյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ բռնել է համազգեստի օձիքից, քաշքշել, հրել ու սեղմել պատին, որի հետեւանքով Է. Թադեւոսյանը ստացել է առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Գոռ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով») եւ 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով»): Գ. Միրզոյանը կալանավորվել էր:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մինչ դատաքննությունը սկսվելը Գ. Միզոյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Այդ միջնորդությունը դատարանը բավարարել է:

Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գոռ Միրզոյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում, ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման , 359 հոդվածի 1-ին մասով՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Գ. Միրզոյանին վերջնականապես դատապարտել 4 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ վճռել է ազատազրկման ձեւով պատիժը չկիրառել եւ սահմանել 5 տարի ժամկետով փորձաշրջան: Դատարանը վճռել է Գ. Միրզոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել եւ նրան անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031